Antifake.am-ը գրում է․

Հուլիսի 4-ին համացանցում են հայտնվել երգիչ, դերասան, թմբկահար Արամոյի հարցազրույցները Armenian News Newtork ArmLur TV-ի հետ։

Իր հարցազրույցներում Արամոն ոչ նորմատիվային բառապաշարով կոշտ քննադատության է ենթարկել իշխանության կողմից մի շարք ոլորտներում տարվող քաղաքականությունը: Իր խոսելաոճը Արամոն բացատրել է նրանով, որ «իշխանություններն իրենք են թույլ տվել էդ ծեփելը-մեփելը»։

Անդրադառնալով երկրում տիրող կորոնավիրուսային իրավիճակին Արամոն քննադատել է ԱՆ Արսեն Թորոսյանի և Կառավարության վարած քաղաքականությունը, մասնավորապես, դիմակներ կրել չկրելու, կրվող դիմակի տեսակների վերաբերյալ արված հակասական հայտարարությունների և դրանց չկրման պարագայում կիրառվող տուգանքների վերաբերյալ: «Ինչ-որ արտադրություն են դրել: Դիմակները պետք է արտադրեն, պետք է վաճառեն, բայց այդ գումարը, որ դրել են, պետք է հետ ստանան: Հիմա կարող է կորոնավիրուսը երկարացնեն, որովհետև այդ փողերը, որ դրել են գործարանի մեջ»,- նշել է Արամոն:

Նախարար Թորոսյանին Արամոն նաև քննադատության է ենթարկել վարակակիրներ ունեցող Հարավային Կորեայից վերադառնալուց հետո արված այն հայտարարությունների համար, թե ինքը պատրաստվում է բոլորին վարակել կորոնավիրուսով: Ըստ Արամոյի, Թորոսյանը պետք է մի կողմ դներ իր ամբիցիաներն ու համագործակցեր ոլորտի այն պրոֆեսիոնալների հետ, որոնք հարում են ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին կամ այլ կուսակցության:

Կորոնավիրուսային իրավիճակը համեմատելով Ղարաբաղյան շարժման հետ՝ Արամոն խոսել է ներկայումս առողջապահական համակարգում ստրատեգիայի և ճշգրտումների անհրաժեշտության մասին: Թեև կատարված բացթողումների համար Թորոսյանի ներողությունները ընկալելի են Արամոյի համար, քանի որ բոլորը սխալական են, սակայն ինչպես շեշտել է Արամոն` «դաշտում հրամանատարը չի կարող սխալվել»:

Հարցազրույցներից մեկում Արամոն քննադատել է Լանզարոտեի կոնվենցիայի վավերացումը՝ ասելով, որ դրանում առկա են մի շարք վտանգներ և ինքը դեմ է այդ ամենին: «Դեմ եմ: Դա չի կարող լինել: Դա խայտառակություն է լինելու: Կա անատոմիա, թող դա լիներ: Այդ գրքերը ուրիշ տեղ են տանում»,- նշել է Արամոն ու մտահոգություն հայտնել, որ միգուցե հետագայում օրենք ընդունվի և ստեղծվեն երրոդ սեռի զուգարաններ:

Խոսելով ԼԳԲՏ համայնքի մասին՝ Արամոն հայտնել է, որ դա վտանգավոր հետևանքներ է ունենալու եկեղեցու, կրոնի, լեզվի և գենի վրա: «Ես ուզում եմ, որ Նիկոլ Փաշինյանը Կառավարության հետ համատեղ օրենք ընդունեն, որով սեռական ամուսնությունները կարգելվեն: Սեռական կողմնորոշում չունեցող մարդիկ թող ապրեն ոնց ուզում են, դա իրենց կյանք է, բայց օրենքի ուժով դա պետք է արգելվի, քանի որ դա հարվածելու է եկեղեցուն, պետականությանը, գենին»,- հայտնել է երգիչը՝ շեշտելով, որ մենք բանակ ունենք և մեզ առյուծներ են պետք ոչ թե «խզողլաններ»:

Արամոն իր մտահոգություններն է հայտնել Հայոց եկեղեցու պատմության առարկայի` այլ առարկաների հետ միացման վերաբերյալ: «Դա առաջնային առարկա պետք է լինի: Մեզ եկեղեցին է պահել: Դա է մեր ուժը, մեր գենը»,- ասել է Արամոն` ԱԱԾ նորանշանակ տնօրենին հորդորելով զբաղվել սեկտաներով, այլ ոչ թե բենզալցակայաններում ՀԴՄ կտրոնների տրամադրման ստուգմամբ:

Արամոյի քննադատության թիրախում է հայտնվել գույքահարկի մասին նոր օրենքը, որն ինչպես նկատել է երգիչը, ընդունվել է առանց հանրային քննարկումների: Ըստ Արամոյի՝ գույքահարկը բարձրացնելուց առաջ անհնաժեշտ էր գնահատել քաղաքացիների սոցիալական վիճակը, բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները` քաղաքացուն դարձնել վճարունակ:

Հարուցված տարատեսակ դատական գործերին անդրադառնալով Արամոն ասել է․ «Հա լավ, կերել են, վատ է։ Շատ վատ են արել, բայց պետք է առաջ գնալ: Պետք է մտածենք՝ ու՞ր ենք գնում, ինչպե՞ս ենք երկիր կառուցում»։

Մտահոգված լինելով սոցիալական ցանցերում առկա հայհոյանքների տեղատարափով՝ Արամոն նշել է, որ հայհոյանքները պատիվ չեն բերում և ասել․«Չի կարելի անպատվել ընտանիք, երեխա, ծնող։ Քննադատի՛ր, դա անթույլտատրելի է»։

Youtube-յան ալիքներում գեներացվող ատելությանն էլ անդրառառնալով վերջինս նշել է․«Էդ ի՞նչ մեկնաբանություններ են։ էրեխու, ծնողի, ասենք քեզ էլ ա, չէ՞, մեր բերել, գրո՛ղ։ Չես ամաչո՞ւմ, լավ, էլի մեկնաբանիր, համաձայն մի եղիր, ասա, որ սխալ է, բայց չի կարելի երեխեքին, տատերին, պապերին․․․։ Հետո դուրս եք գալիս սաղդ՝ «օբշյակով»՝ մեր հայրենիքի, մեր ծնողների, մեր հոր, մոր, տատու, պապու, արա՛, դուք հո կապիկ չեք, արա՛։ «Ֆեյքեր» են ասում, հիմա ասել էի։ Այ փսլնքոտնե՛ր, բերանս չբացեմ, արա՛»։

Ըստ Արամոյի երկրին անհրաժեշտ է պետական մտածողությամբ, «պետականամշակ» մարդ, ով իր ամբիցիաները պետք է թողնի և ոչ մի ամբիցիա չունենա։ Եվ եթե վերջինս վատ է աշխատում՝ պետք է «ռադը քաշի, գնա»։

«Աթոռը շատ վատ բան է: Ահավոր վատ է: Այսօր կաս, վաղը չկաս: Վերջիվերջո մի օր գնում ես, ի՞նչ ես թողնելու հետևիցդ: Ամեն իշխանություն ունի իր վերջնական կետը, որը հասնում է, իշխանությունը հավերժ չէ»,- ասել է Արամոն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել