Երկիր մոլորակի վրա գոյություն ունեցած կենդանատեսակների մեծ մասը ոչնչացել է կամ փոխարինվել նոր տեսակներով: Եթե մտածենք այդ մասին, ապա կարող ենք ենթադրել, որ վաղ թե ուշ մարդիկ ևս կվերանան: Ի՞նչ կլինի Երկիր մոլորակի հետ, եթե մարդկությունն անհետանա :

Անգամ մեզանից հետո մոլորակը չի անհետանա: Մոլորակի կենսոլորտը միայն կշահի մարդկության անհետացումից, իսկ հետքերը, որոնցով պատում ենք մենք Երկիրը, շատ ավելի արագ կվերանան, քան մենք պատկերացնում ենք: Հսկայական քաղաքները հողին կհավասարեցվեն, գյուղատնտեսական հողերը կկլանվեն բնության կողմից: Մեզանից հետո որպես հետք կմնան միայն պլաստիկի բարակ շերտը և թունավոր վառելանյութի որոշ քանակություն:

Վստահ լինելու համար, որ բնությունը կկլանի մարդկության թողած բոլոր հետքերը, բավական է նայել Չեռնոբիլին: Մեծ վթարից հետո անցել է արդեն 34 տարի, և այս ժամանակահատվածում վայրը վերածվել է վայրի տարածքի, որտեղ բուսականություն ու նոր կենդանատեսակներ են հայտնվել:

Մեկ այլ պատմական օրինակ է եվրոպացիների կողմից 16-րդ դարում Հարավային Ամերիկայի գաղութացումը: Այն բանից հետո, երբ սպիտակ մարդը ոչնչացրեց տեղի բնակչության մեծ մասին, քաղաքների վերջին մնացորդները ջունգլիների վերածվեցին:

Գիտնականներն ասում են, որ եթե քաղաքակրթությունը վերանա, ապա կվերանան նաև թունաքիմիկատները, որոնցով պայքարում ենք գյուղատնտեսությանը վնաս հասցնող միջատների դեմ: Համապատասխանաբար, կմեծանա միջատների թիվը, ապա թռչունների, սողունների, կրծողների և այլ կենդանիների, որոնք սնվում են միջատներով: Եվ սա ընդամենը մի օրինակն է այն փոփոխությունների, որոնք տեղի կունենան Երկիր մոլորակի կենսոլորտի հետ մարդկանց հիպոթետիկ վերացումից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել