Այսօր սահմանադրության օրն է, պետական տոն, որ նշվում է 1995 թվականից:
Այս տարիների ընթացքում մեր երկրի սահմանադրությունը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների՝ 2005 և 2015 թվականներին:
Այս տարիների ընթացքում մեզ այդպես էլ չհաջողվեց մեր երկիրը դարձնել սահմանադրական, և մեր երկրում հաստատել սահմանադրական գերակայություն:
Հակառակը՝ հնարավորի սահմաններում մեզանից յուրաքանչյուրն անարգեց, անպատվեց, արհամարհեց, անտեսեց ու արժեզրկեց մեր երկրի մայր օրենքը…
Մենք այդպես էլ հուլիսի 5-ը չընդունեցինք ու չընկալեցինք որպես տոն ու երբեք այն չդարձրեցինք համաժողովրդական, անլուրջ մոտեցում ցուցաբերեցինք սահմանադրության հանդեպ և չգործադրեցինք անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ սահմանադրության նորմերն անմիջականորեն գործելը կյանքի նորմ դարձնելու համար:
Անցած տարիների ընթացքում սահմանադրության բազմաթիվ նորմեր այդպես էլ չկիրառվեցին, կամ կիրառվեցին կամայականորեն, մեկնաբանվեցին՝ ըստ հայեցողության ու քաղաքական իրադրության, հատվածական շահերի տեսանկյունից:
Մենք ապացուցեինք, որ անլուրջ մոտեցում ունենք սահմանադրության՝ որպես մեր հասարակական հարաբերությունները կարգավորող ամենակարևորագույն գործիքի հանդեպ և հեռու ենք սահմանադրական հասարակություն դառնալու ճանապարհից…
Կյանքն ապացուցեց, որ գործող սահմանադրությունն էլ չդիմացավ փորձությանը և ապացուցեց իր անկենսունակությունը:
Ես խորապես համոզված եմ` քանի դեռ հասարակությունը չի հարգել իր օրենքը, իր երկրի օրենքը, ինքը չի դարձել սահմանադրական և իր ցուցաբերած կամքով երկրում չի հաստատել սահմանադրականություն, սահմանադրությունը մնալու է որպես թղթի վրա գրված սիրուն փաստաթուղթ, ընդամենը…
Բայց դրա համար ամենից առաջ անհրաժեշտ է որակապես նոր սահմանադրություն, որը կլինի իսկապես լեգետիմ մայր օրենք:
Շնորհավո՛ր սահմանադրության օրը: