Այս մեկուկես տարվա ընթացքում առաջին անգամն է, որ երեկ չէ առաջին օրվանից պաշտպանում եմ կրթության նախարարության մի որոշումը, այն է` հայ եկեղեցու պատմության առարկայի դուրսմղումը դպրոցից: Խոսքիս տերն եմ, թեև, ինչպես իմացա, կարծես մինչև վերջ չեն հանում:

Պետք չէ թացը չորի հետ խառնել և նույնացնել այս երևույթը հայոց լեզվի, պատմության, գրականության ժամերի նկատմամբ բուհում պաշտոնական քամահրանքով վերաբերվող իրողության հետ:

Ինչ վերաբերում է կրթության ոլորտում փորձառու գայլ դարձած Արմեն Աշոտյանի ճոռոմաբան հոխորտանքին, ապա այդ ճոռոմաբանության հեղինակի ծպտունն առհասարակ դուրս չպիտի գա: Եկեղեցու դարդը լացող մարդը երեսին մի քիչ մեռոն կունենա: Հայաստանի հիմքերի հի՛մքը խարխլեց` ապականելով ՀՀ լեզվի օրենքը և օտարալեզու դպրոցներ բանալու որոշում կայացնելով ու գլուխ բերելով: Սրա նմանների ոտքերի տակ հողն այրվի՛ պիտի:

Ասել եմ, հիմա էլ կրկնում եմ: Հայ եկեղեցու պատմությունը (իրակա՛ն պատմությունը, ոչ թե այն մեյմունությունը, որ կար այդ առարկայի դասագրքերում) պիտի անցկացվի հայոց պատմության դասընթացի ծիրում` տարբեր դարաշրջանների մշակույթի պատմության հատվածներում, ըստ որում պիտի ներկայացվի արժանահավատորեն` փառաբանելին փառաբանելով (հայոց Ոսկեդարը, Նարեկյան դպրոցը, Խրիմյան Հայրիկի գործունեությունը և այլն), պախարակելին` պախարակելով (օրինակ` այն ազգավնաս դրսևորումները, որ ժամանակին առաքելական եկեղեցին կատարեց այլադավան (ներառյալ կաթոլիկ) հայերի վերաբերմամբ` օտարելով հայկական համայնքներից և նպաստելով նրանց ուծացմանն ու ձուլմանը): Ասվածը լիարժեք իրականացնելու համար հայոց պատմության ժամերն էլ պիտի ավելացվեն:

Ճի՛շտ որոշում է և մինչև վերջ պիտի իրականացվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել