Երբ օրեր առաջ հարց բարձրացրի, թե ինչո՞ւ ոստիկանները չեն միջամտում, երբ քաղաքապետարանի հետ փոխկապակցված տարբեր թաղային մտածողությամբ բռիներ սանձարձակություններ են թույլ տալիս ակտիվիստների նկատմամբ՝ նրանց հայհոյելով ու բրթբրթելով, ոստիկանական համակարգում աշխատող ՖԲ ընկերներիցս մեկն ինձ բացատրեց, որ նման դեպքերում ոստիկանությունը դերակատարում չունի, ու քաղաքացին ինքը պետք է դատարան դիմի ու փորձի վերականգնել իր խախտված իրավունքները:
Այսօր իմացա, որ «Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի ժամանակ մի քանի ակտիվիստ են բերման ենթարկվել: Տեսագրություններից դատելով` այն, ինչ անում էին տղաները, չնչին բան էր` համեմատած նրանց վարքի հետ, ովքեր այս օրերին ակտիվիստներին տարբեր կերպ ճնշելու փորձեր էին անում: Բայց անհասկանալիորեն ակտիվիստներին բերման են ենթարկում, իսկ կիսահաբռգած ու կիսագրագետ հոխորտացողների դեպքում օրենքի կետեր են մեջբերում:
Իհարկե, ոստիկանությունն իր բացատրությունն ունի սրան ու ասում է, որ տղաներին բաժին են տարել քրեական գործի շրջանակներում՝ որպես վկա ցուցմունք տալու համար, բայց նույնիսկ ոզնուն է պարզ, թե որոնք էին այս քայլը կատարելու ոստիկանության իրական դրդապատճառները:
Զարմանալի է նաև, որ այսքան գովերգվող ոստիկանությունից այս օրերին և ոչ մի հաղորդագրություն չստացանք, որ ասենք այսինչ բանի համար ինչ-որ գծատիրոջ մանկլավիկի են ոստիկանություն տարել, կամ հենց գծատիրոջն են տարել, կամ որ պարզել են, որ այսինչ չինովնիկը գծատեր է, ու տարել են…
Իրականում այս խտրական վերաբերմունքի մեջ իսկական վտանգ եմ տեսնում: Անկեղծորեն չեմ ուզում հավատալ, որ ապաքաղաքական կառույց համարվող ՀՀ ոստիկանությունը անձանց բերման ենթարկելուց սկսել է հաշվի առնել, թե ինչ կնիք է դրված նրանց կուսակցական գրքույկում:
Այս ամեն ինչն, իհարկե, փորձություն է՝ թե՛ մեր երիտասարդ ակտիվիստների և թե՛ մեր ոստիկանության համար, և ինչո՞ւ չէ, նաև ողջ իշխանության: Ավելի ճիշտ սա հերթական քննությունն է, թե ով է ավելի համառ ու հաստատակամ, ինչը տվյալ դեպքում հենց կարող է լինել հաջողության գրավականը: Առանձնահատուկ հպարտությամբ ուզում եմ նշել մեր ֆեյսբուքյան ակտիվիստների՝ Վիլեն Գաբրիելյանի, Արեգ Գևորգյանի, Սարգիս Գևորգյանի պահվածքը՝ սկսած ակտիվ դերակատարությունից այս գործընթացների հենց սկզբում, վերջացրած ոստիկանություն բերման ենթարկվելով, և ի ուրախություն մեզ` արդեն ազատության մեջ շարունակելով իրենց պայքարը: Ու հիմա համարձակորեն ասում եմ՝ հեռու տղերքից, մենք շատ ենք, ավելին, քան պատկերացնում եք:
Իսկ որոշ մարդիկ մեզ փորձում էին համոզել, թե մեր երիտասարդները միայն համացանցում են ակտիվ, իսկ իրական կյանքում ու պայքարում նրանք չկան: Ինչպես համոզվում եք օր օրի՝ նրանք կան, կլինեն ու դեռ կշատանան:
Սա 50 դրամի պայքար չէ, սա պայքար է սկզբունքի համար, ու հիմա իշխանությունները կանգնած են բարդ այլընտրանքի առջև: Զիջեն և ուղեվարձը բերեն նախկին չափին, ժողովուրդը, ոգևորվելով հաջողություններից, անելու է հաջորդ քայլը: Համառորեն պնդեն իրենցը ու ոչ մի քայլ չնահանջեն, սա էլ բերելու է ատելության հերթական խմբաքանակի գեներացմանը, որը չգիտես որ պահին և ինչ մասշտաբի պայթյուն կառաջացնի:
Այնպես որ, դրամատիկ զարգացումները դեռ առջևում են, և վստահեցնում եմ, որ միայն մեր համառությամբ ու պայքարի անկոտրում ոգով կարող ենք ինչ-որ բանի հասնել:
Հպարտանում եմ ձեզանով ու իմ ուժերի ներածին չափով կանգնած եմ ձեր կողքին, մեր սիրելի պայքարող ակտիվիստներ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=696049577088124&set=a.424617440898007.115619.100000492644664&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել