Օրերս հերթական անգամ փոխվեց ՍԴ-ի պրոբլեմն իբր վերջնականապես կարգավորող հերթական սահմանադրական օրենքը։ Իշխանությունները համառորեն լուծում են ՍԴ հարցը, անգամ կանգ չառնելով այն հարցի առջև, որ դրանով երկրում լուրջ դժգոհություն են առաջացրել, իշխանությունների կողմից օրենքի անվան տակ սահմանադրական կարգի տապալման վտանգը ընդդեմ նույն այդ իշխանության համախմբման սկիզբ է դրել ընդդիմադիր դաշտում, մեր իշխանությունների հանդեպ արտաքին աշխարհի բացասական վերաբերմունքի մասին էլ չասած։

Փաշինյանի հակառակորդներն իրենց պարտված չեն զգում ու շարունակելու են պայքարը, համարենք, որ վարչապետին հաջողվեց հարցը լուծել, և ի՞նչ դրանով։ Հիշում ենք, թե ինչքան բան էր խանգարում, որ երկրում վիճակը լավանա, ներդրումներ լինեն, տնտեսական հեղափոխություն ունենանք, այդ ամենը չունեցանք դեռ մինչ կորոնավիրուսը, իսկ հիմա առավելևս ոչ մի առաջընթաց չենք ունենա։ Այդ դեպքում, ենթադրենք Փաշինյանի իշխանությունը վերցրեց ևս մեկ բաստիոն, դա ինչի՞ն է օգնելու՝ կորոնավիրուսի դեմ պայքարի՞ն, սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմա՞նը, երկրում իրավական պետություն հաստատելո՞ւն, ինչի՞ն։

Էլ ինչ պետք է վերցնի իր ձեռքը Փաշինյանը, որ արդեն կարողանա աշխատել, ու որ խանգարող բաներ չլինեն։ Երկու տարի  է պայքարում է նախկինների դեմ, բայց դա դեռ ամենը չէ, ով դժգոհ է վարչապետի աշխատանքից, նա էլ է պիտակավորվում որպես նախկին։ Բախտորոշ պահին կոալիցիոն գործընկերոջը լքած ու Փաշինյանին միացած ՀՅԴ-ն երեկ ապագայի ուժ էր, այսօր նախկին է, երկրի թիվ մեկ խորհրդարանական ընդդիմադիր ուժը՝ ԲՀԿ-ն, նույնպես բախտորոշ պահին կանգնեց հեղափոխության առաջնորդի կողքին՝ որպես ապագայի ուժ, այսօր դարձյալ նախկին է։ Հեղափոխության խորհրդանիշներից մեկը՝ նախկին ԱԱԾ տնօրենը, երեկ պայծառ ապագայի աննկուն մարտիկ էր, իսկ այսօր դարձավ նախկին։ Պարզվում է՝ այդ բոլորը նախկին են առանձին-առանձին ու նաև համախմբված ու միասին վերցված։   

Իրեն քննադատողներին եթե Փաշինյանը անցյալի մնացուկ է ներկայացնում, դա էլ մի կերպ կհասկանայինք, բայց ինչպե՞ս հասկանալ, որ նախկինների դեմ կատաղի պայքար մղած ժամանակի ընդդիմադիր գործիչները, որոնք այսօր անթաքույց իրենց աջակցությունն են հայտնում Փաշինյանին, նրանք էլ, կարծես, վարչապետի կողքին չեն կարողանում կանգնել ու նրա հետ երկրի ապագան կերտել։

Փաշինյանը նախկինների աղմկահարույց որևէ գործ չի բացահայտում, որում ինքը ներգրավված չի եղել, որպեսզի տպավորություն չլինի, թե բացի իրենից էլի քաղաքական բանտարկյալներ են եղել, էլի պայքարող գործիչներ ենք ունեցել։ Չէ՞ որ միայն իրենք են կերտում «նոր Հայաստան»։ Իսկ եթե նախկինում Հայաստան եղել է, ապա հատվածական, էպիզոդիկ՝ մի քանի օր փողոցում է եղել՝ Մարտի 1-ի առիթով, որտեղ Փաշինյանն էր, մի քանի ամիս Հայաստանը ընդհատակում է եղել, երբ Փաշինյանը փախուստի մեջ էր, մի քանի ամիս էլ Հայաստանը բանտում է եղել, երբ Փաշինյանը Կոշի գաղութում էր, ու վերջ, այլևս ոչինչ չի եղել։ Այս ամենը գալիս է վկայելու, որ Փաշինյանը դեռ նոր թիրախներ է ընտրելու, որոնց խոցի ու դրանով, իբր լուծի իշխանության հարցը։ Նոր հակառակորդներ է գտնելու, որ դրանք վերջանան, արդեն իր դաշնակիցներին է դարձնելու հակառակորդ, դրանք էլ որ վերջանան, իր թիմակիցներին է թիրախավորելու, թե նրանց դավաճանության պատճառով է, որ իշխանությունների հանդեպ հավատը սասանված է,  դրա համար էլ ներդրումներ չեն լինում, և այլն։

Ինչ աստիճանի պետք է Փաշինյանը հպարտանա իր անճարակությամբ, որ արդեն մարդիկ կասկածեն, թե իրականում մեզ մոտ կորոնավիրուսով հիվանդների ու մահացածների թվերն ուռճացվում են։ Երբ տեսնում են, թե ընդդիմության ընդվզման դեմ ինչ հանդիմանող տոնով է Փաշինյանն ասում, թե մենք պատերազմի մեջ ենք ու ցանկացածը, որ այս պահին դուրս կգա իշխանության դեմ կպատժվի պատերազմական ժամանակների օրենքներով։ Փաստորեն Փաշինյանը ողջ աշխարհի ղեկավարներին մեղադրում է կորոնավիրուսի պատճառով իրենց երկրի բարդ վիճակը թաքցնելու, վարակվածների ու մահացության դեպքերը էականորեն նվազեցնելու մեջ, իսկ ողջ աշխարհը, այդ թվում նաև մեր հանրությունը, Փաշինյանին մեղադրում է մեզանում թվերն ուռճացնելու մեջ։ Հիմա էլ իր կարծիքով հիմնավար արդարացում է գտել, թե եթե մեր երկրում 20,000 վարակվածների հարցում ինքն է մեղավոր, հապա աշխարհի 10 միլիոն վարակվածների հարցում ո՞վ է մեղավոր։

Այսինքն մեզ մոտ վարակվածության ու մահացության թվերը բարձր են մեկ շնչին ընկնող տվյալներով, նաև մեր հարևան համադրելի երկրների համեմատությամբ, սա Փաշինյանի համար միայն դրական է, քանի որ այդ բարդ իրավիճակի առիթով լռեցնում է ընդդիմախոսներին, բայց և այդ բարձր թվերը փաթաթում է աշխարհի վզին, թե ինքը մեղավոր չէ, «հիվանդ աշխարհն» է մեղավոր։

Ինչ-որ տրամաբանությամբ, կամ էլ ջանքերի շնորհիվ պանդեմիան վերանալու է՝ համավարակի պիկն է անցնելու ու անկում է սկսվելու, պատվաստանյութն է գտնվելու և այլն, ու աշխարհով դուրս ենք գալու այս ճգնաժամից, բայց մեր երկիրն առավել թուլացած, քանի որ ընդդիմության դեմ պայքարն ավելի ենք կարևորում, քան համավարակի դեմ պայքարը։ Իսկ սա կործանարար է, ու որքան շուտ դա գիտակցեք, այնքան շուտ քայլեր կանենք՝ վիճակը փրկելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել