Հայ-ռուսական հարաբերությունների բովանդակային վատթարացումն այլևս որևէ կերպ չի էլ թաքցվում: Եվ սա մի իրողություն է, որի հետևանքները լուրջ և ցավոտ են լինելու Հայաստանի համար: Սա պետք է ընդունել ի գիտություն: Եթե Փաշինյանին ու իր պես ևս մի քանի տասնյակ անհեթեթների թվում է՝ Իրանի և հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունները գերլարման հասցնելով հնարավոր է լինելու Թուրքիայի և Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հաշվին գոյատևել (զարգացման մասին անգամ ծիծաղելի է խոսել), կործանարար մոլորության մեջ են: Ռուսաստանի հետ հարաբերություններին հենց այնպես չէ, որ տրված է ռազմավարական բովանդակություն: Դրանք կենսական են մի շարք կարևոր առումներով.

1. Իրան-Հայաստան-Ռուսաստան առանցքն է, որ զսպող գործոն է հանդիսանում պանթուրքիզմի ծավալման ճանապարհին:

2. Ռուսաստանում ապրում և աշխատում է նույնքան հայ, որքան ապրում և աշխատում է Հայաստանում: Հայաստան եկող մասնավոր տրասֆերտների գերակշիռ մասը գալիս է ռուսական աշխատաշուկայից:

3. Արտաքին կապիտալ ներդրումների առումով անկախությունից ի վեր Ռուսաստանն է եղել անմրցելի առաջատարը: Հայաստանը, սպառման շուկայի փոքր ծավալներով և արտաքին շուկաների հետ կոմունիկացիոն ենթակառուցվածքների բացակայությամբ պայմանավորված, գրավիչ չէ օտարեկրյա ներդրումների համար: Սրան մենք ականատես եղանք վերջին երկու տարիներին՝ չնայած «հեղափոխական» հարթակից Փաշինյանի հակառակ հավաստիացումներին:

4. ԵԱՏՄ-ի շրջանակներում հարաբերությունները, որոնք մի կողմից թույլ չեն տալիս մեկուսանալու տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներից, մյուս կողմից ստեղծում են սպառման շուկայի լայն հնարավորություն տնտեսության և հատկապես գյուղատնտեսության զարգացման համար:

5. Հարաբերությունները ՀԱՊԿ-ի շրջանակներում, որը տարածաշրջանային անվտանգության ռազմաքաղաքական կարևորագույն բաղադրիչն է: ՀԱՊԿ-ի անդամակցությունը հնարավորություն է արտոնյալ պայմաններով շարունակ արդիականացնելու բանակին մատակարարվող սպառազինությունն ու ռազմական տեխնիկան:

6. Ռուսաստանի աճող դերակատարությունը արցախյան կարգավորման գործընթացում:
Ապրիլյան քառօրյայում ռուսական «դավադիր ներկայության մասին» որքան էլ անհեթեթ պատմումներ մեկնեն, իրականությունը մնում է այն, որ քանի կան կողմերի հետ արդյունավետ փոխհարաբերություններ, կոնֆլիկտին սահմանակից Ռուսաստանի համար ամենավատ ստատուս-քվոն լինելու է շատ ավելի ցանկալի, քան ռազմական գործողություններով դրա փոփոխումը:

7. Էներգետիկ և պարենային անվտանգությունը:

Ի վերջո, հայ ժողովրդի վերջին 200 տարիների պատմության վերելքի շրջանները բոլոր առումներով կապված են տարբեր ձևաչափերով հայ-ռուսական արդյունավետ հարաբերությունների հետ: Սա անհերքելի իրողություն է: Անհերքելի է և այն, որ տարբեր առումներով հայ-ռուսական հարաբերությունների սառեցումն ու վատթարացումը ծանր, երբեմն նույնիսկ անդառնալի են եղել հայ ժողովրդի համար:

Ու քանի բանը բանից չի անցել, քանի դեռ մի քանի ավանտյուրիստներ հանուն իրենց իշխանավարումը երարացնելու ամբողջությամբ չեն կազմաքանդել հայ-ռուսական հարաբերությունները, լուծումը արկածախնդիր խաբեբաներին օր առաջ հեռացնելն է իշխանությունից, որպեսզի հետո մի հարյուր տարի էլ ստիպված չլինենք կրկնել․ «Ռուսները գյոզալ Արարատը վերցրին ու տվեցին թուրքերին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել