Վրաստանում էլ հակառուսական քաղաքականությունը նույն ձևով սկսվեց, սկզբից նախագահ Սաակաշվին ջան-ջիգյար էր Պուտինի հետ, հետո սկսեցին վատանալ հարաբարություները, Սաակաշվիլին Պուտինին ասում էր «լիլիպուտին», հանել տվեց ռուսական բազաները, հետո՝ պատրերազմ, հետո՝ կորուստներ, գաղթականներ։
Հայաստանում էլ հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե երբեք այսքան լավ չեն եղել հայ֊ռուսական հարաբերությունները, հետո ռուսական ֆաշիստ Շիշկինին ապաստան տվեցին, հետո սկսեցին ասել, թե խնդիրներ կան հարաբերություններում, հետո Ռուաստանի արտգործնախարար Լավրովը դժգոհեց, որ Հայաստանում գործեր են բացում ռուսական ձեռնարկությունների դեմ, հետո Փաշինյանը մերժեց Պուտինի հրավերը՝ մասնակցելու Մոսկվայում Հայրենական պատերազմի 75-ամյակի շքերթին, հետո՝ ռուսական ալիքները եթերազրկելու նախագիծ, և հիմա էլ Պուտինի գլխավոր թշնամին՝ Նավալնին՝ Հանրայինի եթերում, և Մոսկվայից դժգոհություն՝ հայերը ուր են հասել, որ եթեր են տալիս մեկին, ով հայերին անվանում է խաչիկներ։
Փաշինյանը հայտնի էր, որ ռուսաֆոբ է, հենց նրա պնդումը Ապրիլյան պատերզմի մասին, թե իբր Ռուաստանն էր հրահրել, որ Ադրբեջանը ԵԱՏՄ մտցնի, տիպիկ ռուսաֆոբիական ախտորոշում է։ Ռուսաֆոբները իռացիոնալ վերաբերմունք ունեն Ռուսաստանի նկատմամբ, նրանց անընդհատ թվում է, թե Կրեմլի ինչ-որ գաղտնի սենյակում մի քանի հոգի օրնիբուն աշխատում են այն բանի վրա, թե ինչպես հայերին օգտագործեն թուրքերի ու ադրբեջանցիների հետ հարցեր լուծելիս, ավելի արմատականները վստահ են, թե կաբինետում ծրագրել են հայերին վերացնել, իսկ Ադրբեջանն էլ հեչ էլ նպատակ չի դրել Արցախը բնաջնջել, հետո էլ՝ ներխուժել, ՀՀ-ն բնաջնջել, շատ կիրթ ժողովուրդ է, այ, մի քիչ զիջում անես, հետները քիրվա կդառնաս, մենակ թե Ռուաստանն է խառնում մեր երկու ազատատենչ ժողովուրդների հաշիվները։
Հեղափոխության ժամանակ Փաշինյանն իր ռուսաֆոբիան վարպետորեն թաքցրեց, ինչպես հոգեբուժարանի այն պացիենտը, որ կոշիկը թոկից կապած հետևից քարշ է տալիս, բժիշկը հարցնում է․ «Ժորիկ, էդ ի՞նչ է», Ժորկիը՝ յա, այ բժիշկ, չե՞ք տեսնում՝ կոշիկ է, բժիշկը ուրախ թփթփացնում է ուսին․ «Ապրես, ահա լրիվ ապաքինվել ես», ու հենց հեռանում է, Ժորիկը ֆռում է, կոշիկին աչքով տալիս․ «Լավ ֆռցրինք բժշկին, չէ՞, Շարիկ ջան»։
Արևմուտքի իշխող շրջանակներն էլ, Ռուսաստանի շուրջ օղակը սեղմելու համար հսկայական ֆինանսներ ծախսելով, մի կողմից բուծում են նորանոր ռուսաֆոբներ, մյուս կողմից՝ եղած ռուսաֆոբների ֆոբիան սրում։ Ի վերջո նրանք հակառուսական դավադրության առաջին փուլն ավարտեցին․ թավշյա հեղափոխության անվան տակ իշխանության եկան ռուսաֆոբները, որոնք էլ սրում են Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Բայց դե գերխնդիրը ռուսական բազաները հանելն է, որը մի քիչ դժվար է մի երկրում, ուր բնակչության մեծ մասը բարեկամաբար է տրամադրված Ռուսաստանի հանդեպ։
Մի անգամ արդեն անկախ Հայաստանը քաղել է հակառուս քաղաքականության պտուղները, երբ 1990֊ականներին ՀՀՇ֊ն, գալով իշխանության, Գորբաչովի հետ թշնամանքը հասցրեց գագաթնակետի, Գորբաչովին նոբելյան մրցանակ տալու դեմ բողոքներ գրեցին, Հայաստանը հրաժարվեց մասնակցել Սովետական միությունը պահպանելու համամիութենական հանրաքվեին։ Իսկ Ադրբեջանը իշխանության ղեկին պահեց Մոսկվայի բարեկամ կոմունիստներին, համամիութենական հանրաքվեին մասնակցեց, և արդյունքում Մոսկվայի թշնամի դարձած Հայաստանը 1991-ին ստացավ Կոլցո օպերացիան, որի պատճառով Գետաշենի ենթաշրջանը գրավեց Մոսկվայի բարեկամ մնացած Ադրբեջանը։
Հանուն ինչի՞ էր այդ ամենը, ինքնիշխանությա՞ն, բայց մի քանի ամիս անց Ադրբեջանն էլ, Հայաստանն էլ հավասար անկախություն ստացան։
Նույնն էլ՝ հիմա, հակառուսական ուժերը խաղացնում էին ազգայնական զգացումներ, թե իբր Հայաստանը Ռուսաստանի գաղութ է, պետք է ապագաղութացնել, մեր ինքնիշխանությունը և այլն, փողոցներն ընկած վանկարկում էին՝ ա-զա՛տ, ան-կա՛խ Հա՛-յա՛ս-տա՛ն։ Եկան իշխանության, երկիրը տվեցին համաճարակի երախը, էնպես թուլացրին, ինքնիշխանությունն էնքան իջեցրին, որ երկիրը նույնիսկ Վրաստանից ու Սերբիայից է կախված, օգնություն է խնդրում բոլորից։ Այս օգնության սպասողականությունը լավ առիթ է ֆինասական խոստումներով ավելի սրելու հարաբերությունները Ռուաստանի հետ։ Ի՞նչ է դուրս գալիս, ինքնիշխանություն գոռացողները դարձել են երկրի ինքնիշխանության գլխավոր սպառնալիքը։
ՀՀՇ֊ի երկրորդ սերունդն Արևմուտքի հրահրմամբ երկիրը նոր հակամարտության է տանում Ռուսաստանի հետ, որ կարող է լուրջ կորուստներ պատճառել։