Ներքաղաքական զարգացումների այս դժվարին փուլում, երբ իշխանությունն ուզուրպացնում է ՍԴ-ն, մի կարևոր փաստ մնում է ուշադրությունից դուրս:
Ինչպես տեղեկացանք, թավշյա կառավարությունը հրաժարվել է ռուսական վարկից, որը տրամադրվում էր Մեծամորի ԱԷԿ-ի համար: Բոլորս էլ լավ հասկանում ենք, որ ԱԷԿ-ը, լինելով ստրատեգիական նշանակության կարևորագույն օբյեկտ, մշտապես կապված է եղել ռուսական կողմի հետ և՛ մասնագիտական, և՛ անվտանգության, և՛ ֆինանսավորման առումով։ Այն միայնակ պահպանելը բավականին բարդ և թանկ հաճույք է: Ավելին՝ այն ունի նաև պաշտպանողական նշանակություն և թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի պարագայում ստիպում է նրանց լինել զգոն և զգույշ ՀՀ դեմ իրենց պլանավորած գործողություններում, քանի որ յուրաքանչյուր ատոմակայան հանդիսանում է պատրաստի միջուկային վտանգ՝ ահռելի մեծ շառավիղով:
1976թ․ շահագործվող ատոմակայանը փակվել էր նաև Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, ինչը մենք մինչ օրս հիշում ենք և դժվար էլ մոռանանք:
Հիմա Նիկոլի կառավարությունը, հրաժարվելով ռուսների վարկից, հիմնավորում է այն, որ վերանորոգումը և մյուս հարցերը կլուծենք պետական բյուջեի հաշվին, այն էլ՝ այս աղետալի վիճակում հայտնված Հայաստանի բյուջեի հաշվին: Հարց է առաջանում․ իսկ ինչո՞ւ է նման որոշում կայացվել, չէ՞ որ քաղաքական գործիչ պետք չէ լինել, որ հասկանաս այս քայլի հակառուսական երանգները, չէ՞ որ պարզ է, որ դա արվում է որոշակի դիսկոմֆորտ առաջացնելու համար ՌԴ ղեկավարության և Ռոսատոմի հանդեպ:
Իսկ ինչո՞ւ Նիկոլը չի հրաժարվում, ասենք, ՀԲ կամ ՀԱՀ վարկերից, վերջերս էլ ԱԺ-ն հաստատեց 250 մլն դոլարանոց վարկը:
Այստեղ է սկսվում և ավարտվում մեծ քաղաքականությունը:
Եվ իրականում հնարավոր է, որ, չունենալով բավարար միջոցներ և մերժելով ռուսական վարկը, մի օր ատոմակայանը իրոք փակվի, և «հպարտ» քաղաքացին մոմի լույսով չկարողանա իր հեռախոսը լիցքավորել հայհոյանքներ և անեծքներ գրելու համար, քանի որ Մեծամորի ատոմակայանը ապահովում է մեր երկրի էլեկտրաէներգիայի ավելի քան 40%-ը:
Ի դեպ ԱԷԿ-ը հուլիսի 1-ից, այսինքն՝ այսօրվանից կանգնեցվել է 65 օրով։
Հ.Գ Չմոռանանք նաև, որ այս համատեքստում քննարկվում է նաև ռուսական ալիքները փակելու հարցը,
Նավալնու՝ Հ1-ի եթերում հայտնվելն էլ այսօր՝ ձեզ կենդանի ապացույց: