Վերջին օրերին Ամուլսարի շահագործման շուրջ ծավալվող իրադարձությունները կրկին ակտիվացել են։ Այսօր ոստիկանությունը նույնիսկ փորձ կատարեց ուժի կիրառմամբ հեռացնել հանքի շահագործման դեմ արդեն երկար ժամանակ բողոքող քաղաքացիներին։

Պետք է փաստենք, որ ՀՀ իշխանություններին չհաջողվեց վերջնական պատասխան ստանալ մի շարք կարևոր հարցերի և, որ գլխավորն է, այդ պատասխանները տալ հասարակությանը։ Առաջին և ամենակարևոր հարցը. արդյո՞ք Ամուլսարի շահագործումն անդառնալի կորուստներ կպատճառի Հայաստանի բնությանը, մասնավորապես՝ տարածաշրջանի առողջարաններին և ջրային ռեսուրսներին։

Այս պատասխանը ստանալու համար կառավարությունը հարկատուների միջոցներից ծախսեց 450 հազար ԱՄՆ դոլար՝ պատվիրելով փորձագիտական հետազոտություն։ Սակայն այս հետազոտության արդյունքները և ազդեցությունը հարցի լուծման վրա տեսանելի չեն։

Երկրորդ հարցը. եթե հանքի շահագործումը մեծ վնասներ է հասցնելու բնությանը, ի՞նչ միջոցներ կան դա կանխելու կամ ռիսկերը նվազեցնելու։ Անպատասխան հարցերի շարանը կարելի է անվերջ շարունակել։ Բայց ամենակարևորն այն է, որ հարցի հանգուցալուծումը այլևս չի կարելի հետաձգել։

Հերիք եղավ, բոլ եղավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել