News.am-ը գրում է․

Ճիշտ չի լինի, որ ես՝ որպես պատգամավոր՝ իշխանության մեկ այլ ճյուղից փորձեմ մեկնաբանել նախագահի գործունեությունը կամ իր գործողությունները։ Կարծում եմ, որ գործողությունների առումով ճիշտ կլինի պարզաբանում ստանալ նախագահի գրասենյակից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ըստ նրա՝ ինչո՞ւ Հանրապետության նախագահը չստորագրեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մաuին ՀՀ օրենքները։

Նազելի Բաղդասարյանը մեջբերեց նման պարագայում Սահմանադրությամբ նախատեսվող քայլերի հաջորդականությունը։

«Սահմանադրության 129-րդ հոդվածը ասում է, որ 21-օրյա ժամկետում նախագահը կամ ստորագրում և հրապարակում է օրենքը, կամ նույն ժամկետում ուղարկում է Սահմանադրական դատարան՝ օրենքի սահմանադրության համապատասխանությունը ստուգելու։ Երբ նախագահը 21-օրյա ժամկետում չի ստորագրում օրենքը և նույն ժամկետում չի ուղարկում Սահմանադրական դատարան, ապա Սահմանադրության 129-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսվում է, թե ինչ է տեղի ունենում։ Այսինքն՝ եթե ՀՀ նախագահը 21-օրյա ժամկետում չի կատարում վերը նշված երկու գործողությունները, ապա այս դեպքում ԱԺ նախագահը 5-օրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը, որից հետո այն ուժի մեջ է մտնում»,- պարզաբանեց Նազելի Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 30-ի երեկոյան, նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրեցին, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու:

Ըստ իշխող ուժի պատգամավորի՝ nախագահի աշխատակազմի հայտարարությունը թեև հստակ էր, բայց հարցեր են առաջանում՝ արդյոք դա կարո՞ղ է իրավական այլ հետևանքներ ունենալ։

«Դիցուք, որ ԱԺ նախագահն ավելի շուտ ստորագրի և հրապարակի օրենքը։ Ամեն դեպքում ես՝ որպես իրավաբան այս տեքստից որևէ այլ տրամաբանություն չտեսա, որ նախագահը, օրինակ, չի դիմելու Սահմանադրական դատարան՝ իր իրավունքն է և 21 օրվա ընթացքում միգուցե նա իրացնի։ Դրա համար ես ոչ կոռեկտ եմ համարում պատգամավորի կողմից հանրապետության նախագահի գործողությունները մեկնաբանելը»,- շեշտեց Նազելի Բաղդասարյանը։

Պատգամավորից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է ԱԺ նախագահը չսպասի 21 օրը լրանալուն և ավելի վաղ ստորագրի օրենքները, դա օրենքին չի հակասի՞, ինչին ի պատասխան Նազելի Բաղդասարյանը կրկին մեջբերեց․

«Սահմանադրության 129-րդ հոդվածի 3-րդ կետը հստակ ասում է՝ սույն հոդվածով սահմանված պահանջները չկատարելու դեպքում՝ Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը: Այսինքն՝ Սահմանադրական դատարան դիմել կամ չդիմելու մասով ես որևէ տեղեկություն չունեմ, ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք այս պարագայում նախօրեին տարածած հայտարարությունը բավարար հի՞մք է, ապա ես կարծում եմ՝ ոչ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել