Politik.am-ը գրում է․
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ իրեն անկախ պատգամավոր համարող, բայց ընդգծված իշխանական կեցվածք ունեցող Արման Բաբաջանյանի հանդիպումը եւ դրանում Ղարաբաղյան հարցի քննարկումը, այն էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին ունեցած պատկերացումների լույսի ներքո, դեռեւս շարունակում է մնալ հանրային-քաղաքական քննարկումների հարթակում։ Ու չնայած այն բանին, որ քննարկումների բովանդակության հետ կապված հերքումներ եղան, սակայն ամեն դեպքում նստվածքը մնաց եւ բացասաբար ազդեց հասարակության տրամադրությունների վրա։
Խնդիրը, սակայն հնարավոր քննարկման բովանդակային մասից բացի, նաեւ բուն հանդիպման փաստն է ինքնին։ Անկախ այն հանգամանքից, որ Բաբաջանյանն այժմ ԱԺ պատգամավոր է, չպետք է մոռանալ, թե առհասարակ ով է նա, ու դա հենց առաջին հերթին վերաբերում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։
Օրինակ, եթե Արման Բաբաջանյանի հետ հանդիպեր այսպես կոչված «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավար Թուրալ Գյանջալիեւը, ինչ որ առումով հասկանալի կլիներ, սակայն պետության ղեկավարի կողմից նման հանդիպմանը համաձայնվելը, մեղմ ասած Արցախի նախագահի կարգավիճակին հարիր չէ եւ իջեցնում է այդ կարգավիճակը։ Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանը, ըստ «Վիքիլիքսի» բացահայտումների, հետախուզական ծառայություններին ծառայություն մատուցողների ցանկում է առկա։ Այս մասին բացահայտում էր արել «Գոլոս Արմենի»-ն և «Անկախ» լրատվականը (տես այստեղ)։ Հետաքրքիր է, որ մինչև այս պահը Արման Բաբաջանյանը հրապարակային չի հերքել այս տեղեկատվությունը։
Բացի այդ, Արման Բաբաջանյանը մարդ է, որը խուսափել է զինվորական ծառայությունից փաստաթղթեր կեղծելու եղանակով, եւ դրա համար դատապարտվել է, ընդ որում, այդ գործի շրջանակներում, նույնիսկ ցուցմունք է տվել սեփական մոր դեմ (տես՝ այստեղ)։ Արցախը պահվել է իրենց նվիրյալների կյանքի գնով ու առնվազն բարոյական չէ, երբ նվիրյալների կյանքով պահված հողի մասին խոսում է բանակից խուսափած անձը։
Եվ ի վերջո, Արման Բաբաջանյանը մի քաղաքական գործիչ է, ով ԱԺ-ում հայտնվել է 300 ձայնով, եւ հիմա էլ ունի խնդիր մանդատի հետ, քանի որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմել է, որպեսզի Արման Բաբաջանյանը զրկվի մանդատից, եւ այն վերադարձվի ԼՀԿ-ին, հաշվի առնելով, որ Բաբաջանյանը ԼՀԿ-ով է մանդատի հասել։
Նման կասկածելի անձնավորության հետ հանդիպումը առնվազն ստվերում է Արցախի նախագահի ինստիտուտը, անկախ այն հանգամանքից, թե վերջինս հիմա ինչ կարգավիճակում է։ Եվ հետո, ստացվում է, որ Արցախի նախագահը կարող է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման քննարկել օրինակ ցանկացած «Ֆեյսբուքյան» օգտատիրոջ հետ, նույնիսկ ֆեյք-օգտատիրոջ, եթե նա ունի ընդամենը 300 հետեւորդ։
Սա կարող է խոսել երկու բանի մասին՝ հաշվի առնելով, որ Բաբաջանյանն այսպես ասած՝ ընդգծված նիկոլական է, որպես պատգամավոր իր որդեգրած կեցվածքով, կամ Արայիկ Հարությունյանը հանդիպել է նրա հետ որպես Փաշինյանի էմիսարի, կամ էլ, հաշվի առնելով, որ Արման Բաբաջանյանն առաջիններից մեկը հայտարարեց, որ Արցախում 5-րդ ալիքը չպետք է լինի եւ եղավ այդպես, վերջինս ունի ինչ որ ազդեցության լծակներ, եւ կարողանում է ազդել որոշումների կայացման վրա, այդպիսով նաեւ կաշկանդելով Արցախի նախագահին՝ իր գործողություններում։