Հարց՝
Բժիշկ, կարծում եմ` ես լուրջ խնդիրներ ունեմ: Վերջերս նշանվել եմ, սակայն փեսացուիս հետ արդեն երկար ժամանակ է զբաղվում ենք պետինգով (եթե ճիշտ եմ ասում), որը ավարտվում է վիճաբանությամբ: Ես ունենում եմ սրտխառնոց և ուժեղ սրտխփոց, քանի որ ինձ թվում է, որ վատ բան ենք անում, որը նաև կարող է վատ անդրադառնալ մեր հետագա սեռական կյանքի վրա, այժմ ունեմ նաև վախ, որ նորմալ սեռական հարաբերություններից հետո էլ վատ կզգամ ինձ: Ինչպե՞ս հաղթահարել այս խնդիրները: Նախապես շնորհակալ եմ:
Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.
Պետք է ասել, որ եթե պետինգը երկար ժամանակ չի կիրառվում (օրինակ` մի քանի ամիս կամ տարիներ), ապա որևէ սեռական խնդրի պատճառ չի հանդիսանա, այն կարծես փոխարինող գործառույթ է իրականացնում, մինչև հաստատվեն նորմալ սեռական հարաբերություններ ամուսնությունից հետո: Այն հանգամանքը, որ Ձեզ մոտ ինտիմ մերձեցման ժամանակ նաև նկատվում է սրտխառնոց և սրտխփոցներ, խոսում է այն մասին, որ հնարավոր է դա լինի կոիտոֆոբիայի (վախ սեռական հարաբերությունից) նախանշաններ, ուստի որպեսզի խնդիրը չխորանա և չարմատավորվի, կարծում եմ` անհրաժեշտ կլինի սեքսոլոգիական խորհրդատվություն՝ հետագայում խնդիրներից խուսափելու համար: