Շուշիում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը զուգահեռ Ադրբեջանում ընթացող զորավարժությունները, որոնք նախատեսված էին հայկական կողմի վրա ճնշում բանեցնելու և երդմնակալության արարողությունը «վիժեցնելու» համար, վարկանիշային առումով ծանր հետևանքներ ունեցան թե՛ գործող իշխանության և թե՛ հատկապես անձամբ Զաքիր Հասանովի համար։
Զորավարժությունների՝ մեր դեմ ուղղված ծանր քարոզը, հնչեցվող բոցաշունչ հայտարարություններն ունեցան հակառակ ազդեցություն, երբ, այնուամենայնիվ, երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ ու տեղի ունեցավ հենց Շուշիում, իսկ որևէ գործողություն զորավարժություններ անող ադրբեջանական բանակը չձեռնարկեց։
Հնչեցին Զ. Հասանովի դեմ ուղղված անհամար քննադատություններ ոչ միայն հազարավոր օգտատերերի էջերում, այլ նաև նախ ռազմական փորձագետների (Ռաշադ Սուլեյմանով, Ուզեիր Ջաֆարով և այլք), ապա նաև պատգամավորների (օր.` Վահիդ Ահմադով) բերանով։
Զ. Հասանովի՝ CBC-ի լրագրողին և Real TV-ի Միրշահին Աղաևին վերջերս տված հարցազրույցները թերևս իրավիճակը շտկելու անհաջող փորձ էին։
Թվում է՝ ստեղծված իրավիճակում Ի. Ալիևն ունի երկու ճանապարհ․
1. Գնալ ռազմական գործողությունների, որից խուսափումը ընդդիմադիր դաշտի կողմից թեմայի շահարկման արդյունքում ավելի է մաշում Ալիևի վարկանիշը և սրում նրա հանդեպ հանրային դժգոհությունը:
2. Գտնել քավության նոխազ կամ այլ ձևակերպմամբ՝ պաշտոնանկ անել Զաքիր Հասանովին։
Ալիևը հավանաբար կգնա երկրորդ ճանապարհով, և հունիսի 25-ին Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատար Քարամ Մուսթաֆաևին գեներալ-գնդապետի կոչում շնորհելը կապ ունի ենթադրվող փոփոխության հետ։
Քարամ Մուսթաֆաևի փոխադրվելը Բաքու տեղավորվում է նաև Ի. Ալիևի՝ ուժային կառույցներում 2019թ.-ից սկսած կադրային փոփոխությունների տրամաբանության մեջ. 2019թ. ՊԱԾ պետ նշանակվեց նախիջևանցի Ալի Նաղիևը, ՆԳՆ ղեկավար՝ դարձյալ նախիջևանցի Վիլայաթ Այվազովը, և ահա Քարամ Մուսթաֆաևի նշանակմամբ նախիջևանյան կատարյալ վերահսկողություն կհաստատվի ԱՀ ուժային ամբողջ բլոկի վրա։