Ծովանկարիչ, ռուսական և հայկական արվեստի դասական, Սանկտ Պետերբուրգի, Հռոմի, Ֆլորենցիայի, Շտուտգարտի, Ամստերդամի գեղարվեստի ակադեմիաների անդամ:
Ծնվել է Մոլդավիայից գաղթած հայի` Գևորգ Այվազի կամ Հայվազի (հետագայում` Կոստանդին Հայվազովսկի) ընտանիքում: Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է` «Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես»: Երբեմն նկարների տակ ստորագրել է հայ.` Հովհ. Այվազովսկի կամ Օվաննես Այվազեան: Սովորել է Թեոդոսիայի հայկական ծխական դպրոցում, 1830-1833թթ. Սիմֆերոպոլի ռուսական գիմնազիայում, իսկ 1833-1837-ին` Սանկտ Պետերբուրգի գեղարվեստական ակադեմիայում (Մ. Ն. Վորոբյովի բնանկարի դասարանում): 1840թ. գործուղվել է արտասահման` կատարելագործվելու: Եղել է Իտալիայում (նաև Ս. Ղազար կղզում), Իսպանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Անգլիայում, մասնակցել ցուցահանդեսների, Փարիզում արժանացել ոսկե մեդալի (1857թ.` Պատվո լեգեոնի շքանշանի): 1844թ. վերադարձել է Ռուսաստան, արժանացել Գեղարվեստական ակադեմիայի ակադեմիկոսի կոչման (1847-ից` պրոֆեսոր էր, 1887թ` պատվավոր անդամ), նշանակվել է ծովային գլխավոր շտաբի գեղանկարիչ: 1845-ից մշտապես բնակվել է Թեոդոսիայում, ստեղծել է 1853-1856թթ. Ղրիմի պատերազմին նվիրված մի շարք մարտանկարներ, պաշարված Սևաստոպոլում բացել ցուցահանդես, ոգևորել, օգնել քաղաքի պաշտպաններին: Այվազովսկին ճանապարհորդել է Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի երկրներում, եղել է ԱՄՆ-ում, Ռուսաստանի ծայրամասերում, 1868թ.` Կովկասում: 1869թ. Թիֆլիսում բացել է հայ իրականության մեջ առաջին գեղարվեստական ցուցահանդեսը, ուր ներկայացրել է նաև կովկասյան բնանկարների շարքը («Գունիբ լեռան ամրոցը», «Դարիալի կիրճը», «Թիֆլիսի տեսարան» և այլն): Նյութապես օժանդակել է հույների, իտալացիների ազգային-ազատագրական պայքարին, Ռուսաստանի` 1891-1892թթ. սովյալներին, Գեղարվեստական ակադեմիայի աշակերտներին, բելոռուս չքավոր ուսանողներին: 1900թ. Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիան հաստատել է Այվազովսկու անվան թոշակ: Նրան խորապես հուզել է սուլթանական Թուրքիայի բռնատիրական լծի տակ տառապող հայրենակիցների ճակատագիրը: Օգնել է հայկական ազգային կազմակերպություններին, դպրոցականներին, նվիրել նկարներ, բացել ցուցահանդեսներ: Փայփայել է տարբեր երկրներում ապրող հայ նկարիչներին մի ընդհանուր միության մեջ միավորելու գաղափարը: 1890-ական թթ. հայկական կոտորածների օրերին նկարել է «Հայերի ջարդը Տրապիզոնում 1895 թվին», «Նավերի բեռնումը», «Թուրքական նավերը Մարմարա ծովն են թափում հայերին» և այլ գործեր: 1898թ. այդ նկարաշարը ցուցադրել է Մոսկվայում: Կոտորածի թեմայով ստեղծել է գծանկարներ` «Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին» ժողովածուի համար: Ապաստան է տվել, նյութապես օգնել կոտորածից Ղրիմ փախած հայ գաղթականներին: Ծննդավայրում բացել է պատկերասրահ (այժմ` իր անունով), Հնագիտական թանգարան, Գեղարվեստի դպրոց, գրադարան, համերգային դահլիճ, համագործակցել է նավահանգստի, երկաթգծի կառուցմանը, քաղաքի մերձակա բլուրների անտառապատմանը և այլն:
Այվազովսկին ստեղծել է շուրջ 6000 կտավ: Աշխատել է արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ: Բնությունն արտացոլել է մշտական շարժման և փոփոխության մեջ: Իր գլուխգործոցներով («Իններորդ ալիք», 1850թ, Ռուս. թանգարան, Լենինգրադ, «Սև ծովը», 1881թ., Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա, «Ալիքների մեջ», 1898, Այվազովսկու պատկերասրահ, Թեոդոսիա, «Փոթորիկ Նիսի ափերին», 1885թ, ՀԱՊ և այլն) ծովանկարչությունը ձերբազատել է սոսկ գեղեցիկ տեսարան ներկայացնելու միտումից: 
Հույն ժողովրդի պայքարով ներշնչված, նրա փրկությանը նվիրված կտավներ վրձնած Այվազովսկին նույնը երազում էր և իր ժողովրդի համար` կապելով նրա ազատագրումը Ռուսաստանի հետ:
Հատկապես 1868թ. Անդրկովկասում ճամփորդելուց հետո Այվազովսկին վրձնել է հայկական թեմաներով տասնյակ կտավներ և դիմանկարներ: Թիֆլիսի կենցաղը, Սևանա լիճը, Արարատը ներկայացնող բնանկարներով նա սկիզբ է դրել և խթանել բնանկարչության զարգացմանը հայ կերպարվեստում: Այվազովսկին ստեղծել է Աստվածաշնչի ու հայոց պատմության կարևոր անցքերին նվիրված գործեր («Հայ ժողովրդի մկրտությունը», «Երդում, Վարդան զորավար», «Խրիմյան Հայրիկը Էջմիածնի շրջակայքում», «Բայրոնի այցը Ս.Ղազար կղզի», «Ադանայի ջարդը» և այլն): Ցավի ու ցասման արգասիք է վերջին անավարտ կտավը` «Թուրքական նավի պայթյունը» (1900թ): 
Որպես բողոք` թուրքական կառավարության կազմակերպած հայերի կոտորածների, Այվազովսկին թուրքական կառավարությունից ստացած պարգևները կապել է շան վզին և այնուհետև դրանք նետել է ծովը:
Նրա խորհուրդներով են ստեղծագործել մի շարք ռուս և հայ բնանկարիչներ: Բնության հանդեպ պաշտամունքը, իր փայփայած հումանիստական, լուսավոր գաղափարները, պայքարի ու ազատասիրական ոգին, դրան զուգակցող ու քաղաքացիական կերպարը Այվազովսկուն դարձնում են իր դարի զավակը, բացառիկ անհատականություն: Մեծ ծովանկարիչը թաղված է Թեոդոսիայի Ս. Սարգիս հայկական եկեղեցու բակում: Շիրմաքարի մակագրությունը` «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող», քաղված է Խորենացու «Հայոց պատմությունից»:
1987-ին Այվազովսկու արձանի համար կայացած մրցույթում Յ. Պետրոսյանը շահել էր առաջին մրցանակ: Դրամական միջոցներ չլինելու պատճառով արձանը ուշացումով «լույս աշխարհ» եկավ: Այսօր մայրաքաղաքի մյուս արձանների շարքում Այվազովսկու արձանն ունենալու համար արվեստագետները երախտապարտ կմնան արձանի հովանավորին` «Պրոմեթևս» ՓԲԸ նախագահ Սենիկ Գևորգյանին: Ի դեպ, նա երկրորդ արձանն է (Արամ Խաչատրյանի արձանից հետո) պարգևում քաղաքամայր Երևանին (Ա. Խանջյան, «Այվազովսկու արձանը Երևանում», «Ազգ», 1 մայիսի 2003):
Այվազովսկու արձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 2003թ. մայիսի 1-ին, Կամերային երաժշտության տան մոտ: Ներածական խոսք ասաց Երևանի քաղաքապետ Ռ. Նազարյանը: Այնուհետև խոսք ասացին Ռ. Շառոյանը (ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար), Կ. Աղամյանը (ՀՆՄ նախագահ): Արձանի հանդիսավոր բացումը կատարեցին Երևանի քաղաքապետ Ռ. Նազարյանը և Երևանի 1975-1985թթ. քաղաքապետ Մ. Մուրադյանը: Այնուհետև ելույթ ունեցավ Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի պարային խումբը:
Արձանի նյութը` բրոնզ, գրանիտ, բարձրությունը` 3,5 մ, քաշը` մոտ 2 տոննա, ճարտարապետ` Ստեփան Քյուրքչյան, քանդակագործ` Յուրի Պետրոսյան:
Յուրի Պետրոսյանը ծնվել է 1941թ. Երևանում:
1961թ. ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան ԵԳՈՒ-ն, իսկ 1966թ.` ԵԳԹԻ-ն: 1968-ից նկարիչների միության անդամ է: 1977թ. «Ամբոխները խելագարված» աշխատանքի համար արժանացել է երկրորդ, իսկ 1983թ. Արամ Խաչատրյանի հուշարձանի նախագծի մրցույթում՝ առաջին մրցանակի:
Նրա հայտնի գործերից են`
Հուշարձան՝ նվիրված ՀՄՊ-ում զոհված փշատավանցի մարտիկներին, կոփածո պղինձ, բարձրությունը` 4 մ, 1968թ., գ. Փշատավան, Արմավիրի մարզ, համահեղինակ` Ա.Շիրազ
«Բերք», բարձրաքանդակ, կոփածո պղինձ, բարձրությունը` 3 մ, 1972թ., գ. Քաղցրաշեն, Արտաշատի շրջան, համահեղինակ` Վ. Պետրոսյան, ճարտարապետ` Մ. Միքայելյան
Դեկորատիվ հարթաքանդակներ, տուֆ, 3x10 մ, 1,5x3 մ, 1975թ., Սևան քաղաքի մշակույթի տան շենքի ճեմասրահ, ճարտարապետ` Մ. Միքայելյան
«Կենաց ծառ», դեկորատիվ քանդակ, տրավերտին, 3x1x0,8 մ, 1977թ., Ռուժբախտ (Չեխոսլովակիա)
«Հին ու նոր թատրոններ», հարթաքանդակներ, բազալտ, 3x10 մ, 1984թ., Ա. Մռավյանի անվան դրամատիկական թատրոն (Գյումրի)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել