Azatutyun.am-ը գրում է․

Ուրբաթ օրվանից ուժի մեջ են մտել սահմանադրական փոփոխությունները, որոնց համաձայն` Հրայրը Թովմասյանը պետք է լքի Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահի պաշտոնը, 12 տարի պաշտոնավարած Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանն էլ հեռանան ՍԴ անդամների պաշտոններից։ Այդուհանդերձ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանն «Ազատությանն» ասել էր՝ բարձր դատարանի նախագահը շարունակում է մնալ Հրայր Թովմասյանը:

Ալվինա Գյուլումյանն էլ «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» եթերում հիշեցրեց, որ ինքը երկրորդ անգամ սկսել է պաշտոնավարել 2014 թվականի հոկտեմբերի 1-ից, և դեռևս իր պաշտոնավարման 12 տարին չի լրացել, հետևաբար այս փոփոխությունն իրեն չի վերաբերում:

Հարցին, թե ընդունելու է տարիքով ավագին` Աշոտ Խաչատրյանին` որպես ՍԴ նախագահի պաշտոնակատար, նա պատասխանեց. - «Եթե կլինեն օրենսդրական փոփոխություններ, իհարկե կընդունեմ, ինչի՞ մասին է խոսքը: Ես ժամանակին էլ ասել եմ` եթե կփոխվի Սահմանադրությունը»:

Ալվինա Գյուլումյանի խոսքով` առաջացած այս խնդիրը Ազգային ժողովը պետք է լուծի` Սահմանադրական դատարանի մասին օրենքում համապատասխան փոփոխությամբ: «Հետո արդեն կախված այդ փոփոխությունից` հետագա գործողությունները պարզ կլինեն», - նկատեց նա:

Վերջինս, խոսելով տարբեր հայտարարությունների մասին, թե Սահմանադրական դատարանը սպասարկում է նախկին իշխանությունների շահերը, այդ թվում` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, շեշտեց. - «Այսօրվա գործող Սահմանադրական դատարնում, նաև այս երեքս, որոնց հարցը այսպես դրված է, որևէ մեկը երկրորդ նախագահի կողմից չի նշանակվել: Եթե նշանակումն եք համարում պարտավորվածություն, որևէ մեկը երկրորդ նախագահի կողմից չի նշանակվել: Այսօր դատական իշխանությունում և մյուս մարմիններում աշխատում են մարդիկ, որոնք ստացել են պետական պարգևներ, որոնք իրենց հարազատներին բարեհաջող տեղավորել են, իմ պարագայում որքան էլ որ մեծ է եղել դատական իշխանության առումով իմ ծառայությունը, ես որևէ պետական պարգև որևէ նախագահից չեմ ստացել: Իմ ամուսինը Արտաքին գործերի նախարարության հիմնադիրներից մեկն է, լավագույն դիվանագետներից մեկը: Եթե ես այդ իշխանությունների համար սիրելի էի, կատարում էի նրանց բոլոր հանձնարարությունները, ի՞նչ է` ինձ համար դժվար էր իմ ամուսնու խնդրել, որ որևէ երկրում դեսպան նշանակվեր: Շատ նշանակված դեսպաններից ավելի արժանի է, բայց իմ մտքով անգամ չի անցել որ ես` որպես դատավորի հանկարծ իմ անաչառությունը որևէ ձևով կասկածի ենթարկեմ և որևէ իշխանավորի որևէ բան խնդրեմ: Եվ այսօր դրա հետ կապել առնվազն անբարոյականություն է նման գնահատական տալը»:

Նա շեշտեց` չի գնալու ՍԴ շենքի մոտ ոստիկանի հետ պայքարելու, բայց պնդում է` իր լիազորությունները դադարեցված չեն կարող համարվել, ինքը դատական ատյաններով է պաշտպանելու իր իրավունքները, այդ թվում` եթե անհրաժեշտություն լինի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել