Քաղաքապետարանի առաջին սխալը սկսվում է նրանից, որ նա այնպիսի հարցում, ինչպիսին է տրանսպորտի սակագների թանկացումը, լուրջ հանրային քննարկումներ չծավալեց: Ըստ իս` եթե Երևանի քաղաքապետարանը թանկացնելուց առաջ լայն հանրային քննարկումներ անցկացներ, ապա պատկերը այլ կլիներ. փորձեմ բացատրել, թե ինչու`
1-ին` ժողովուրդը հանկարծակիի չէր գա
2-րդ` այդ դեպքում թանկացման ամեն մի լուման պետք է հիմնավորված լիներ, քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը ստիպված կլիներ բացատրել, թե ինչպես է գոյանում այդ 150 դրամը
3-րդ` հանրային լսումների արդյունքը կարող է լիներ այն, որ գային այլ եզրակացության սակագնի վերաբերյալ, խոսքի օրինակ` 100 դրամի փոխարեն 130 դրամ կամ…
4-րդ` այս լսումները կապացուցեին, որ Երևանի բնակչի կարծիքը չի անտեսվում:
5-րդ` ժողովուրդը աստիճանաբար պաստրաստ կլիներ, և ամենակարևորը` նա կգիտակցեր, որ այլ ճանապարհ չկա, թե չէ այսպես ստացվում է, որ քաղաքապետարանը առավոտ զարթնում է մի նոր բան է հորինում:
Ինչքանով է հիմնավորված 150 դրամ սակագինը` ես միանշանակ չեմ կարող ասել, ակնհայտ է միայն այն, որ մարդիկ ֆիզիկապես ի վիճակի չեն վճարելու: Սակայն մի բան արդեն պարզ է դառնում, որ 100 դրամը 150 դարձնողները, ժողովրդական լեզվով ասած, թանկացնելուց առաջ չբարեհաճեցին լայն քննարկումներ անցկացնել հանրության հետ: Սա վկայում է այն մասին, որ քաղաքապետարան-հասարակություն կապը շատ թերի է …, սա վկայում է այն մասին, որ քաղաքապետարանի ղեկավարությունը իրեն հեռու է պահում սովորական երևանցիներից, սա վկայում է այն մասին, որ այդպես էլ չի ստացվում ստեղծել մի ավանդույթ, որ քաղաքի տերերը իրենց օրվա մի մասը անցկացնեին փողոցներում, այլ ոչ թե իրենց կաբինետներում նստած, այ այդ ժամանակ միգուցե նրանք կհասկանային, որ սովորական քաղաքացու համար նույնիսկ 100 դրամ վճարելը այդքան էլ հեշտ չէ, ուր մնաց 150 դրամը:
Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=24316
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել