ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ուղղված Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի պատասխան նամակը պարունակում է այն առավելագույնը, ինչ կարելի էր ակնկալել այդ հանձնաժողովից:
Հիշենք, որ Վենետիկի հանձնաժողովը եվրոպացի անկախ իրավաբաններից բաղկացած խորհրդատվական հանձնաժողով է և չունի քաղաքական գնահատականներ տալու ոչ լիազորություն և ոչ էլ գործառույթ: Այլ խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահից չէր կարելի սպասել դատապարտել կամ հաստատել ՍԴ-ի հետ կապված Հայաստանի իշխանությունների քայլերը: Այդ կապակցությամբ քաղաքական գնահատականների պիտի սպասել Եվրոպայի հանձնաժողովի և ԵԽԽՎ-ի պես կառույցներից, որոնք, կարծում եմ, շատ չեն ուշանալու:
Այդուհանդերձ, Բուքիքիոն իր պատասխան նամակում կատարել է մի քանի չափազանց կարևոր արձանագրում, որոնք կարող են և պիտի որ հիմք ծառայեն եվրոպական կառույցների քաղաքական գնահատականների համար:
Առաջին՝ Բուքիքիոն պատասխան նամակում Հրայր Թովմասյանին դիմել է որպես «Հարգելի նախագահ», ինչը թույլ է տալիս եզրակացնելու, որ, չբաժանելով իշխանությունների տեսակետը, Վենետիկի հանձնաժողովի նախագահը շարունակում է ՍԴ նախագահ ճանաչել Հրայր Թովմասյանին:
Երկրորդ՝ Բուքիքիոն ցավ է հայտնել, որ Հայաստանի իշխանություններն անտեսել են Եվրոպական հանձնաժողովի իրավական խորհրդատվական կառույցը համարվող Վենետիկի հանձնաժողովի տեսակետները: Վենետիկի հանձնաժողովն իր տեսակետներում հիմք է ընդունում իրավական, մասնավորապես, եվրոպական չափանիշներն ու արժեքները: Վենետիկի հանձնաժողովի տեսակետների անտեսումը նշանակում է անհարգալից վերաբերմունք ցուցաբերել եվրոպական արժեքների հանդեպ:
Երրորդ՝ Բուքիքիոն կոչ է արել հարգել Սահմանադրությունը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ «դա հանդիսանում է իրավունքի գերակայության սկզբունքի հիմնարար պահանջը»: Հիշյալ կոչն անուղղակի կերպով հաստատում է Հայաստանի իշխանությունների կողմից ՀՀ Սահմանադրության դրույթների կոպիտ խախտումների անընդունելի փաստը:
Այս պահին գնդակը գտնվում է եվրոպական քաղաքական կառույցների դաշտում: Նրանք ունեն երկու ընտրություն՝ կամ համարժեք գնահատական տալ Հայաստանի իշխանությունների կողմից սահմանադրական կարգի տապալմանը և կա՛մ, շարունակելով աչք փակել նման քայլերի վրա, մասնավորապես՝ համավարակի պայմաններում վտանգավոր նախադեպ ստեղծել եվրոպական տարածքում արդեն իսկ նման հակումներ դրսևորած այլ իշխանավորների համար: