Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան երկրի խորհրդարանում տարեկան զեկույցը ներկայացնելիս հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին լիարժեք անդամակցությունը մնում է Վրաստանի անփոփոխ նպատակը: Այս մասին գրում է kvira.ge կայքը:

«Մեր քայլերը դեպի ՆԱՏՕ-ին լիարժեք անդամակցություն կարևորագույն պայման են երկրի մյուս բոլոր ոլորտների համար` սկսած տնտեսությունից մինչև մշակույթ և սպորտ: ՆԱՏՕ-ին լիարժեք անդամակցությունը Վրաստանի անփոփոխ նպատակն է»,-ասել է նա:

Ըստ նրա՝ դժվար է խոսել երկրի լիարժեք զարգացման մասին, երբ այնտեղ «սահմանազատումներ» կան:

«Շատ կարևոր է ստեղծել արդարադատության միացյալ համակարգ անվտանգ երկրում, որտեղ բոլոր պետական կառույցները կկատարեն իրենց գործառույթները: Մեր քաղաքացիների համար արդարության հաստատումը պետք է լինի պատիժների անխուսափելիությամբ, մենք  արդարադատության համակարգ պետք է ստեղծենք իր բոլոր բաղադրիչներով`ներքին գործերի նախարարություն, դատախազություն, դատական համակարգ, հատուկ ծառայություններ: Այդ համակարգը մենք միասին պետք է ստեղծենք: ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցումը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանական, պետք է լինի մեր աշխատանքի բաղադրիչ մասը, և մենք պետք է պատրաստ լինենք դրան»,-հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Գախարիան շեշտել է, որ մինչ այս կատարված աշխատանքի արդյունքները լավն են, և իրենք պետք է շարունակեն աշխատել ՆԱՏՕ-ին ինտեգրման ոլորտի բոլոր ուղղություններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել