Նամակ ապագայից

ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ

Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ գալիք խորհրդարանում լինելու են բացառապես այն քաղաքական ուժերը, որոնք պաշտպանում են «հեղափոխության արժեքները»: Այս ընթացքում շատ խելոք գլուխներ փորձում են հասկանալ, թե որն է դա: Փորձեմ օգնել:

«Հեղափոխության արժեքներ» եզրույթը, ցավոք, դեռ իր գիտական ու պաշտոնական սահմանումը չունի, ինչն աններելի է: Ու միայն այս հանգամանքը լիուլի բավարար է` պաշտոնապես «ժողովրդի ու հեղափոխության թշնամի» հայտարարելու ու գիտականորեն մերկացնելու մեր ազգային ակադեմիայի փիլիսոփայության, պատմության և առնվազն ևս մի քանի ինստիտուտների գիտնականներին ու բուհական համապատասխան ֆակուլտետների գիտնական-դասախոսներին:

«Հեղափոխության արժեքները» զուտ ու մաքուր հայաստանյան ծագում ունեցող ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության մեծ առաջնորդ, «գանդիզմի ժամանակակից մեկնություն» քաղաքական հոսանքի ու համանուն դպրոցի հիմնադիր հայր, հայ ժողովրդի փրկիչ, մեր ժողովրդի ռենեսանսի և մոդեռնիզացիայի միակ պատվար Նիկոլ Փաշինյանի՝ 2018թ. ապրիլից սկսած գրավոր և բանավոր խոսքում, ինչպես նաև գիշերային որոշ երազներում ուրվագծված մտքերի, արձանագրված փրկարար ու կենարար գաղափարների ամփոփ և շարունակաբար համալրվող համակարգն է: Ամեն բան պետք է ի վերջո ունենա իր գիտական սահմանումը:

Ի դեպ, առնվազն տարօրինակ է, որ այս գերկարևոր հարցը մինչ օրս թողնվել է ձախության հակումներ ունեցող օպորտունիստ գիտական շրջանակների, դաշավանտյուրայի հովերով տարված որոշ շրջանակների ու կոռուպցիայի մեջ թաղված ծախու գրչակների խղճին ու նախաձեռնությանը ու մինչ օրս պաշտոնապես չի արձանագրել ո՛չ օրենքի ուժով ու ո՛չ էլ Սահմանադրությամբ:

Մեր գրողները դեռ պիտի մոմ վառեն, որ հեղափոխության առաջնորդն այսքան հումանիստ է: Հակառակ դեպքում իրենց մաշկի վրա դաջված կտեսնեին ժողովրդական հեղափոխության որոշ արժեքներ, որ կյանքում էլ երբեք չմոռանային: Ինչո՞վ էր մերօրյա հայ գրողներից պակաս Ստեփան Զորյանը, որ առանց հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ Լենինի հրահանգավորման գրեց «Հեղկոմի նախագահը» վիպակը, իսկ հայ ժամանակակից գրողների «Թավշյա Նիկոլը» վիպակը դեռ գրախանութներում չկա: Գրողների միության անդամները դեռ ժողդատախազների ու ժողդատավորների առաջ պիտի պարզաբանեն, թե այդ ինչո՞ւ ու հակահեղափոխական ո՞ր շրջանակների պատվերով էր, որ ստեղծագործաբար չարձագանքեցին Լյուբիկ Չիբուխչյանի «Իջևան մոլորակից իջած փրկիչը» ինքնաբուխ ժողովրդական պոռթկմանը:

Ընդհանրապես, ինչո՞վ են մեր գրողների միության անդամները առավել Դերենիկ Դեմիրճյանից, որ վերջինս, րոպե անգամ չսպասելով հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդի հրահանգին, գրեց իր «Անցյալի ուրուներ» պատումների շարքը` պատկերելով հին, վայրի կարգերին վերադառնալու ձգտող մենակյաց մարդկանց, իսկ մեր ժամանակակից գրողները մինչ օրս անգամ մի քառատող չեն գրել «Լևոնառոբասերժական ուրուները» վերնագրով։ Գնահատեք ինքներդ:

Իսկ այն, որ ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից արդեն երկու տարի անց հեղափոխության մեծ առաջնորդներից ոչ մեկի մասին դեռ պատմակենսագրական վեպ չի գրվել, արդեն ինքնիրավչություն է, հանցավոր անգործություն, ստեղծագործական օպորտունիզմ և նախկին վայրի կարգերին վերադառնալու ձգտող հակահեղափոխական շրջանակներին գաղտնի հարելու վառ ապացույց:

Մեր թատերագետների, թատերագետների միության հանցավոր անգործության մասին, ընդհանրապես, պետք է լռել։ Քանի՞ տարի պետք է անցնի, որ մեր թատերագետները հասկանան, որ թատերարվեստի իրենց իմացած ակադեմիական դասական ժանրը ժողովրդական հեղափոխության հաղթանակած երկրում պահանջարկ չունի, և, որ շեշտը պետք է դնել ժողովրդական թատրոնի վրա։ Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության արժեքները, երևում է, մեր թատերագետները հենց իրենք լավ չեն յուրացրել։ Եթե դա այդպես չէ, ապա ու՞ր են մերօրյա թատերագետների կերտած ժողովրդական նոր կերպարները, որոնք կբերեին ժողովրդի զանգվածային հոգեբանության բեկման, որ այդքան անհրաժեշտ է համաճարակի դեմ պայքարում: Ո՞ւր են մեր օրերի դեմիրճյանական Քաջ Նազարի համարժեք կերպարները:

Կոմպոզիտորների ու կոմպոզիտորների միության մասին կարելի է ոչինչ չասել: Նրանց արածը շատ ավելի դատապարտելի է, քան հակահեղափոխության գաղտնի գործակալների արածը: Ուրեմն, պետությունն այդքան աջակցություն ցուցաբերի կոմպոզիտորներին, նրանց փող ու հանգստի տուն տա, իսկ ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արժեքների մասսայականացման ու փառաբանման ժողովրդահաճո գործը առանց մի կոպեկի իրենց վտիտ ուսերին կրեն ժողովրդի իսկական ու պանծալի զավակներ Թաթան, Հրագն ու Էդո Բառնաուլսկի՞ն: Ի՞նչ է սա:

Հեղափոխության պահապաններն այսօր անգամ սեփական գրասենյակ ու ուղեկցող անվտանգության աշխատակիցներ չունեն, իսկ մեր նկարիչների միությունը, տարված լինելով հակահեղափոխական արվեստի հովերով, դեռ զբաղեցնում է Երևանի կենտրոնում մի հսկայական շինություն՝ քիչ է, վրձինը կտավին չի տանում` գովերգելու ու անմահացնելու հեղափոխության արժեքներն ու այն կերտած հերոսներին: Ո՞ւր է սոցռեալիզմի մերօրյա ծնունդ ժողռեալիզմը: Ո՞ւր է արվեստի այդ կենարար հոսանքը: Ո՞ւր է «Թավշյա դեպուտատը» դիմանկարը: Ո՞ւր են «Փրկարար ցուպը», «Առաքյալ Չալոն» ու այլ կտավները: Որտե՞ղ են ժողռեալիզմի անկյունները մեր դպրոցներում:

Ճարտարապետների, քանդակագործների ու նրանց միության մասին չգիտեմ էլ ինչ գրել: Նրանց համար իրական փրկություն է, որ ժողովրդի ծոցից դուրս եկած որոշ տաղանդավոր ստեղծագործողներ գոնե սեփական նախաձեռնությամբ հանրապետության մեկ-երկու բնակավայրում` Իջևանում ու Վանաձորի ճանապարհին անմահացրել են հեղափոխության մեծ առաջնորդի քայլող արձանները: Բայց արդյո՞ք դա բացատրում է մյուսների ձախության ու օպորտունիստական հակումները: Ո՞ւր են մեր օրերի Արտաշես Հովսեփյաններն ու Սուրեն Ստեփանյանները: Ո՞ւր են նրանց կերտած մերօրյա Մարքսերի ու Ղուկաս Ղուկասյանների արձանների թավշյա տարբերակները:

Հայ կինեմատոգրաֆի մասին: Չեք գտնի մշակույթի որևէ այլ ուղղություն, որը հեղափոխության մեծ առաջնորդի կողմից այդքան սիրված ու մեջբերված լինի: Ժողդատարանները դեռ կպարզեն, թե այդ ում պատվերով էին մեր ռեժիսորները հետևողականորեն անտեսում հեղափոխության առաջնորդի թափանցիկ ակնարկները, որ մեր հեղափոխությունը իր «Կարգին պատումները» պիտի ունենա: Ինչո՞ւ մեծ էկրաններին դեռ չկան «Հեղափոխությունը չի վաճառվում. մի գրիչի պատմություն», «Ոչ մի մուկ ու ոչ մի ձուկ չի պլստալու», «Դուրսպրծուկները» և մյուս ֆիլմերը:

Հ.Գ. Իսկ ինչո՞ւ միայն քաղաքական ուժերը: Վաղվա Հայաստանում ինչո՞ւ պիտի լինի շնչավոր ու անշունչ որևէ քաղաքացի, որ չկիսի հեղափոխության արժեքները: Ինչո՞ւ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել