Արձանագրենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հարս տարավ Մարուքյան Էդմոնի ԼՀԿ-ին: Ամուսնությունը կայացել է զագսի վկայականով: Ճիշտ է՝ «Իմ քայլը» հարսին ծեծող ու հայհոյող ամուսին է, բայց դա մեր գործը չէ, մատի ու մատանու արանքը չմտնենք, թող երջանիկ լինեն: Աբսուրդն այն է, որ Հայաստանը ևս մի ցուցանիշով ադրբեջանացավ: Եվրոպայի խորհրդում մինչև վերջերս Ադրբեջանը միակ երկիրն էր, որի պառլամենտում ընդդիմություն չկար: Փաստացի, Հայաստանը Եվրոպայի խորհրդում արդեն երկրորդ նմանատիպ երկիրն է, որտեղ խորհրդարանական ընդդիմության մի հատվածը միաձուլվեց մեծամասնության հետ՝ սահմանադրական հեղաշրջմամբ ԲՀԿ-ին թողնելով ընդդիմադիր խորհրդարանական գործունեություն վարելու զրոյական հնարավորություններ:
Ինչ խոսք, եվրոպական մոդել գոռալով՝ Մարուքյան Էդմոնի խմբակը պետությունը վերածեց միջնադարյան գեղամեջի, որտեղ գործում է լոկ միայն գոմի օրենքը՝ հաղթում է նա, ով ավելի բարձր է բառաչում: Քաղաքական առումով այս ամուսնությունն, իհարկե, լավ է: Հարսն ու փեսան մի նավակում են, հարսն այլևս փախչելու տեղ չունի: Իհարկե, ափսոս, որ հարսը նախընտրեց Տիտանիկի «պասաժիր» դառնալ, բայց դա իր ընտրությունն էր, իր որոշումն էր: Սերը զրկանքներ է պահանջում: Իսկ փեսային ասենք շնորհավոր, բարով մաշես: