Այսօր ավարտվեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա. Ազարյանի կարգապահական գործի քննությունը: Նման գորժեր քննելիս ԲԴԽ-ն հանդես է գալիս որպես դատարան, ինչը ենթադրում է կողմի բավականին լայնածավալ իրավունքների առնվազն իրագործման հնարավորություն: Մենք միջնորդեցինք որպես վկա հրավիրել ՀՀ ՀՔԾ պետ Ս. Խաչատրյանին, ով փաստացի այս գործով հանդիսանում է մեր դեմ ցուցմունք տվող անձ: Նման անձանց հարցաքննության իրավունքը մրցակցային դատավարության անհերքելի և հիմնարար սկզբունքներից է: Ցավոք, ԲԴԽ-ն մերժեց մեր միջնորդությունը:
Մի կողմ թողնելով կոնկրետ գործը՝ պետք է ասեմ, որ ԲԴԽ-ն, որն այս դեպքում հանդես է գալի որպես դատարան, փաստացի մեր երկրի ամենամեծ կազմը ունեցող դատարանն է՝ 10 հոգի՝ ըստ օրենքի, այս դեպքում՝ 9 հոգի: Ցավոք, նիստերի անցկացման կարգը դեռ ենթակա է զարգացման: Պատիվ եմ ունեցել մասնակցելու Փարիզում միջազգային առևտրային դատարանի նիստի և օգտվել խաչաձև հարցաքննության իրավունքից: Հավատացեք՝ դրանից հետո միայն հասկացա հարցաքննության իմաստը դատարանում: Մեզ մոտ գործող կարգավորումներն այդ առումով խիստ ձևական են և մեծ հաշվով ոչ էլ այդքան էական դատավարության ելքի համար: Վկային պարտադիր հրավիրելու նորմը, ինչպես նաև քո դեմ վկայողին խաչաձև հարցաքննելու իրավունքը դատական իշխանությունը բարձրացնում են մեկ այլ, անհամեմատ բարձր մակարդակի, որը, ցավոք, մեր երկրում գոյություն չունի: Դատարանը չպետք է որևէ կերպ արգելափակի կողմի իրավունքը հարցաքննելու իր դեմ վկայողին, ինչը այսօր տեղի ունեցավ ամենաներկայանալի կազմ ունեցող դատարանում:
Թող ինձ ներեն ԲԴԽ անդամները, բայց այդ կերպ նիստ անելը նման է ոչ թե ժողովրդավար երկրի դատարանին, այլ սովետական ռայկոմի կամ ընկերական դատարանի նիստին: Ավելի պատկերավոր ընկալելու համար կարելի է նայել լուսահոգի մեծ ռեժիսոր Գ.Դանելիայի «Афоня» կինոնկարի համապատասխան հատվածը՝ սանտեխնիկին խուլիգանության համար ընկերական դատարանով դատելու մասին: Դատավարական իրավունքը և ավանդույթը Հայաստանում պետք է զարգանան, և դրա ամենալավ հնարավորությունը ունի հենց ԲԴԽ-ն, որը փաստացի ինքն է սահմանում իր դատավարության կարգը՝ օգտվելով Դատական օրենսգրքով ընձեռված հնարավորությունից:
Հ.Գ. Ա. Ազարյանի վերաբերյալ որոշման հրապարակումը տեղի կունենա հուլիսի 09-ին՝ ժամը 14:10-ին: Այդ որոշումը ներկա պատմական պահին բեկումնային կլինի դատական իշխանության անկախության ապահովման համար: Կա՛մ կփորձենք այն զարգացնել, կա՛մ «կթաղենք» թավշյա ճիրաններում: