Քաղաքական էքսցենտրիզմը Նիկոլ Փաշինյանի բնավորության նոր գիծը չէ։ Պոպուլիզմը, շանտաժը, էպատաժը Նիկոլին ուղեկցել են նրա գործունեության ողջ ընթացքում, եթե նույնիսկ մեկ անգամ նրան հաջողվեց հեղափոխություն «նվեր ստանալ» նախկին համակարգի փլուզման հետևանքով։
Ես, օրինակ, շատ էի ուզում այսօր լսել անցյալ տարվա բյուջեի կատարողականը՝ հասկանալու համար՝ արդյոք փուչի՞կ է տնտեսական հեղափոխությունը, թե՞ անտեսանլի հրաշք, որի կայացմանը խանգարեց կորոնավիրուսը։
Բայց խորհրդարանի պատերից դուրս ընդդիմության միավորումն ու իշխանության դղյակներից դուրս Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկումը լրիվ հունից հանել են վարչապետին, որն այսօր խորհրդարանում պատերազմ հայտարարեց բոլոր նրանց, ովքեր սպառնում են իր իշխանությանը, որը, թերևս, մնացել է հեղափոխության միակ «նվաճումը»։
«Արտակարգ դրության պայմաններում, երբ խոսքի ազատության սահմանափակումներ էին մտցվել, քննադատությունների, ՄԻՊ-ի հորդորներին, նաև այլ հորդորներին ականջալուր լինելով՝ հանեցինք այդ սահմանափակումները, և տեսեք, թե ինչ սկսվեց դրանից հետո: Այսօրվա իրավիճակի կարևորագույն պատճառներից մեկը հենց դա է՝ Կառավարության կայացրած այդ սխալը․ ընդդիմության հորդորներով, նաև ժողովրդավարական կառույցների հորդորներով հանել ենք այդ սահմանափակումները: Մամուլի ազատությունից, այդ սոցիալական ցանցերի ազատությունից մենք չենք պատրատսվում հրաժարվել, բայց մենք չենք հրաժարվում բարձրաձայնել նաև այն մասին, որ դրանք մարդկանց մղում են մահվան»,- այսօր ԱԺ ամբիոնից ասել է Փաշինյանը:
Պատկերացնո՞ւմ եք, այս անհեթեթ միտքն արտահայտում է երկրի ղեկավարը ու փորձում է բոլորին համոզել, որ հակահամաճարակային քաղաքականությունը տապալվել է ոչ թե կառավարության ապաշնորհության, «տնական արաղով» կորոնավիրուսը բուժելու փաշինյանական «հեքիմության», այլ ընդդիմության օբյեկտիվ քննադատության ու մամուլի պատճառով։ Ու պարզ է, չէ՞, որ Փաշինյանի ավտորիտար մտասևեռումների իրական թիրախներ են դառնում ընդդիմությունն ու ԶԼՄ-ները։
Տեսե՞լ եք մի երկիր, որտեղ առաջին դեմքը թիվ մեկ ամբիոնից հաթաթա տա այն դատավորին, որը համարձակվել է ազատության մեջ թողնել ընդդիմության առաջնորդին, խորհրդարանական երկրորդ խմբակցության ղեկավարին՝ այսպիսով վերջինիս ազատազրկելու ուղղակի պատվեր իջեցնելով Վերքաննիչ դատարանին։ Ո՞վ է թույլ տվել գործադիր իշխանության ղեկավարին նման ուղղակի ցուցումներ տալ ու սպառնալ դատական իշխանությանը։ Սա իրավական երկի՞ր է, թե՞ Նիկոլի ֆեոդալական տարածքը, որտեղ միանձնյա որոշումներ կայացնողը նա է։
«ԲՀԿ-ն ընտրակաշառքով է ընտրվել, նորությո՞ւն է որևէ մեկի համար»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարում էր Փաշինյանը։ Իյա, իսկապե՞ս, բա ասում էիր՝ 2018-ի ընտրությունները բացառաիկ օրինակա՞ն են եղել, թե՞ այդ ընտրություններից առաջ Ծառուկյանի հետ հուշագիր էիր ստորագրել ընտրակաշառքը լեգիտիմացնելու մասին։ Ուրիշին ստախոսության մեջ մեղադրելուց առաջ լավ կլինի՝ բացահայտես, թե ե՞րբ ես ստել՝ 2018-ի ընտրությունների ժամանա՞կ, թե՞ հիմա։
Կամ ո՞ւմ ես սպառնում հանրահավաքով։ Քեզ ժողովուրդը բարձր ռոճիկ է տալիս, որ երկիրն արդյունավետ կառավարե՞ս, թե՞ քաղաքական շանտաժով զբաղվես՝ քաղաքացիական բախումներ հրահրելով։ Քեզ ո՞վ է իրականությունից այնքան կտրել, որ էս գլխից որոշել ես, թե որ ուժերը պետք է ներկայացված լինեն խորհրդարանում՝ բոլորին առաջարկելով «ղազագրով» հավատարմության երդում տալ քեզ։
Ուզո՞ւմ ես անկեղծ իմանալ, թե հասարակության քանի տոկոսն է քեզ հավատում իրական կյանքում, ՖԲ-ից դուրս։ Խնդրեմ, արտահերթ ընտրություններ նշանակիր ու երկու բան կշահես՝ կվերադառնաս իրականություն և ընդդիմության լիդերի կարգավիճակում ուզածիդ չափ հանրահավաքներ կանես։