Pastinfo.am-ը գրում է․

Ընդամենը մեկ ամիս առաջ ամենահեղինակավոր միջազգային կազմակերպությունը, որը հետևում է ազատությունների իրավիճակին, արձանագրեց, որ իր զեկույցների ողջ պատմության ընթացքում Հայաստանն արձանագրել է երկամյա ամենաբարձր առաջընթացը ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության ոլորտում։ Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է 2019թ.-ի բյուջեի կատարողականը, որին մասնակցում են նաև կառավարության ղեկավարը և անդամները։

Վարչապետը նկատեց՝ այսօր խոսում են խոսքի ազատության սահմանափակումներից. «Երրորդ Հանրապետության պատմության մեջ ցույց տվեք մի իրավիճակ, երբ առնվազն երեք-չորս, եթե ոչ չորս-հինգ հեռուստաալիքով առավոտից իրիկուն ինչքան քաղաքական դիակ կա գարշահոտություն է տարածում երկրով մեկ»,-ասաց վարչապետը։

Վերջինս նկատեց՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ոչ անհայտ կուսակցությանը պատկանող ոչ անհայտ թերթի վերջին էջում տպագրվել էր Հանրապետության հրապարակի նկարը և այդ հրապարակի կենտրոնում՝ մարդկային դիակ. «Մինչև հիմա էլ առեղծված է, թե այդ ինչպես հենց այդ օրը, հենց այդ նկարը լույս տեսավ այդ թերթում։ Եկեք այլ տեսակետից նայենք, թե Հայաստանում խոսքի ազատության ինչ մակարդակ կա և խոսքի ազատությունն ինչպես է օգտագործվում։ Արտակարգ դրության ժամանակ հանեցինք խոսքի ազատության սահմանափակումները և տեսեք, թե ինչ սկսվեց դրանից հետո։ Այսօրվա իրավիճակի կարևորագույն պատճառներից մեկը հենց դա է։ Այ էդ ենք արել սխալ։ Մարդկանց էսօր էդ մամուլը, մամուլի ազատությունը, սոցիալական ցանցերի ազատությունը մարդկանց մղում են մահվան, ընդ որում մարդկանց մահվան են մղում իմ ասած գարշահոտությունը տարածողների ֆինանսավորմամբ, որովհետև այդ ուժերը համարում են, որ ինչքան շատ մարդ Հայաստանում վարակվի կորոնավիրուսով ու մահանա, իրենք ավելի բարձր հնարավորություն կունենան խոսալու»,-ասաց վարչապետը։

Վերջինս ընդգծեց՝ ՀՀ-ում կուսակցությունները, լրատվամիջոցները, հասարակական կազմակերպությունները պետք է լինեն 100 տոկոսով թափանցիկ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել