Գալուստ Գյուլբենկյանի գործունեությանը շատերս ենք ծանոթ: Այսօր նրա անունը նույնպես նշվում է մի շարք նավթային մագնատների կողքին, ինչպիսիք են Ռոկֆելերը, Արմանդ և Ժան Պոլ Գետտին: Հայ գործարարը իր խելացի քաղաքականության շնորհիվ կարողացավ մեծ հարստություն դիզել: Ըստ խոսակցություններ՝ նա եղել է ժամանակի առաջին հայ միլիարդատերը: 

Գալուստը շատ տաղանդավոր էր և կարողանում էր խոսել 8 լեզվով: Նա տիպիկ հայ էր, քանի որ նրա համար առաջնայինն իր ընտանիքն էր, հետո՝ գումարը:

 

Գյուլբենկյանն արմատներով Թբիլիսի քաղաքից է: Ընտանիքը այդ քաղաքում հայտնի, հարուստ առևտրական էր: Սակայն երկար չեն մնում այնտեղ և տեղափոխվում են Պոլիս, որտեղ էլ ծնվում է Գալուստ Գյուլբենկյանը: 

Գալուստը մեծ հետաքրքրություն ուներ ֆիզիկայի, ճարտարագիտության նկատմամբ և մտադրված էր հետազոտական աշխատանքներով զբաղվել, սակայն հայրը համոզում է նրան, որ չզբաղվի դրանով։ Քսան տարեկանում հոր ցանկությամբ մեկնում է Բաքու՝ նավթաշխարհի մարդկանց հետ ծանոթանալու և իր գիտելիքները հարստացնելու համար։ Ճամփորդության արդյունքում նա գրում է «Նավթը՝ էներգիայի աղբյուր» ուսումնասիրությունը, որը տպագրվում է Փարիզի հեղինակավոր Revue des Deux Mondes (Երկու աշխարհամասերի անձնագիր) ամսագրում։ Հետագայում նա իր մտահղացումները շարադրում է «Անդրկովկասը և Ապշերոնի թերակղզին․ ճամփորդական հուշեր» ձեռնարկում։

1892 թվականին Գյուլբենկյանը Լոնդոնում ամուսնանում է Նվարդ Եսայանի հետ։ Նվարդը նույնպես Կեսարիայից էր և սերում էր շատ հարուստ և ազնվական հայ տոհմից։ Նրանք երկու երեխա ունեցան՝ Նուբար Սարգիսը և Ռիտա Սիրվարդը։

Նավթարդյունաբերության մեջ իր առաջին քայլերը Գյուլբենկյանը կատարում է մեկ այլ հանրահայտ նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանցի՝ Պոլսում գտնվող նավթի գրասենյակում։ Որոշ ժամանակ անց Գյուլբենկյանի ընտանիքը մեկնում է Անգլիա։ Լոնդոնում Գյուլբենկյանը արտոնագիր է ստանում և հիմնում նավթային իր գրասենյակը։ Նա Լոնդոնում Թուրքիայի և Պարսկաստանի դեսպանատների՝ նավթի գծով տնտեսական խորհրդականն էր։ Գիտելիքների մեծ պաշարը և փորձը Գալուստին հնարավորություն են տալիս շատ կարճ ժամանակում դառնալու խոշոր ձեռնարկատեր։

Ինչո՞վ է մեր ազգակիցը հանճարեղ

Առաջին հերթին նա նշանակվում է Օսմանյան կասրության դեսպանը Փարիզում և Լոնդոնում միաժամանակ: Բրիտանական քաղաքացիությունը, լավ պաշտոնը նրան տալիս էին մեծ ազդեցություն: Նա առաջինն էր, ով նկատեց Միջին Արևելքի նավթը: Նրան շատ հաճախ ասում էին աշխարհի քաղաքացի, քանի որ երկքաղաքացիություն ուներ, գործունեություն էր ծավալում Եվրոպայում, ապրում էր Փարիզում և հիանալի կապող օղակ էր Արևելքի և Եվրոպայի միջև:

Նա նաև հայտնի է «Պարոն 5 %» անունով: Այս անվան տակ կա մի պատմություն: 1912 թվականին նրա շնորհիվ ստեղծվում է Թուրքական նավթային ընկերությունը, որի 35 %-ը պատկանում էր Թուրքիայի ազգային բանակին, 25%-ը՝ Royal-Dutch Shell-ին, 25%-ը՝ Deutche Bank-ին, իսկ 15%-ը՝ Գալուստին:

Անգլիան չի համակերպվում այս մտքի հետ, և նոր պայմանագիր է կնքվում: Turkish Petroleum Company-ի բաժնետոմսերի 50%-ն անցնում է Anglo-Persian Oil Compani-ին, իսկ մնացած 25%-ն անցնում են մնացած գործընկերներին: Սակայն այդ գործընկերներից յուրաքանչյուրը 2.5% տալիս է Գյուլբենկյանին: Այստեղից էլ նա ստանում է «Պարոն 5%» անունը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել