Antifake.am-ը գրում է․
Այսօր՝ հունիսի 24-ին, մի շարք լրատվականների կողմից հրապարակվել է Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահների համատեղ նամակը՝ ուղղված ՀՀ վարչապետին։ Նամակը վարչապետի ընտանեկան «Հայկական ժամանակ»-ում վերնագրել է՝ «Մենք խրախուսում ենք շարունակել Ձեր բարեփոխիչ գործունեությունը»։ Բացի «Հայկական ժամանակ»-ից՝ նամակը նույն վերնագիրն է ստացել նաև իշխանական քարոզչական factor.am-ում, newmedia.am-ում, shabat.am-ում, azat.tv-ում և այլ լրատվականներում։
Նամակը մեծ ակտիվությամբ տարածվել է նաև իշխանական պատգամավորներների կողմից, որոնք այն ներկայացնում են որպես պաշտոնական Բրյուսելի կողմից վերջին երկու օրերին Հայաստանում Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ գործողություններին ուղղված ողջույնի խոսք։
Նամակը հրապարակվել է նաև Կառավարության պաշտոնական ֆեյսբուքյան էջում՝ կից նկարով, որի վրա գրված է. «Մենք Ձեզ խրախուսում ենք շարունակել Ձեր բարեփոխիչ գործունեությունն այս ամուր հիմքերի վրա»։
Իշխանական «թեքում» ունեցող լրատվականներում վերնագրի ընտրությունը և իշխանական պատգամավորների մեկնաբանությունները աչք են ծակում հատկապես այն առումով, որ վերջին օրերին իրավական հանրույթը և հասարակական-քաղաքական շրջանակները կոշտ գնահատականներ են տալիս հունիսի 22-ին ԱԺ իմքայլական պատգամավորների կողմից ընդունված «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ, որը ենթադրում է, որ 12 տարի պաշտոնավարած դատավորները պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը պետք է շարունակի պաշտոնավարել ՍԴ դատավորի կարգավիճակում։ Գործընթացը գնահատվել է որպես սահմանադրական կարգի տապալում և իշխանության յուրացում։ Այս կապակցությամբ Վենետիկի հանձնաժողովը նույնպես հանդես է եկել քննադատական կարծիքով, նշելով, որ Հայաստանի խորհրդարանում ներկայացվել է սահմանադրական փոփոխությունների առաջարկ, որը չի համապատասխանում Հանձնաժողովի եզրակացության մեջ արտահայտած դիրքորոշումներին» (եզրակացության 82-րդ կետ)։
Ահա այս ամենից հետո դաշտ նետվեց եվրոպական կառույցների ղեկավարների մի նամակ, որը, ինչպես պարզ է դառնում մամուլի հրապարակումներից, թարգմանվել է վարչապետի աշխատակազմի կողմից և տրամադրվել լրատվամիջոցներին։
Նամակի բովանդակությունը
Նամակի հեղինակները նախ շնորհակալություն են հայտնում վարչապետին Եվրոպայի օրվա կապակցությամբ շնորհավորանքի համար, ապա խոսում են Արևելյան գործընկերության և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Հայաստան-ԵՄ սերտ հարաբերությունների մասին. «Եվրոպական միությունը և Հայաստանը դա արել են երկու կողմերի համար ընդհանուր այնպիսի ուժեղ արժեքների հիման վրա, որոնց թվում են ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը: Մենք Ձեզ խրախուսում ենք շարունակել Ձեր բարեփոխիչ գործունեությունն այս ամուր հիմքերի վրա»,- նշվում է նամակում։
«Այս տարի, ավա՜ղ, մենք ստիպված ենք դիմակայել կորոնավիրուսի մարտահրավերին. դա մի արհավիրք է, որը վերաբերում է բոլորիս: Տեղեկացանք, որ Դուք անձամբ վարակվել եք այդ վիրուսով, և ուրախ ենք, որ կազդուրվել եք: Սա համերաշխության և միջազգային սերտ համագործակցության պահ է:
Եվրոպական միությունն արդեն իսկ իր կոնկրետ աջակցությունն է ցուցաբերել Հայաստանին՝ այս ճգնաժամին դիմակայելու համար՝ մասնավորապես եվրոպական ֆոնդերից մոբիլիզացնելով 92 միլիոն եվրո, և Եվրոպական միությունը կշարունակի ներգրավվել ի շահ Ձեր երկրի: Այս աջակցությունը վերաբերում է ճգնաժամի ոչ միայն առողջապահական, այլև սոցիալական և տնտեսական հայեցակերպերին: Միասին մենք կկարողանանք այս ճգնաժամից դուրս գալ ավելի ուժեղ՝ ավելի լավ ապագա կառուցելու համար»,- եզրափակվում է նամակը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ