Aysor.am-ը գրում է․

Բնականաբար, հարգանքով ենք վերաբերվում «Լուսավոր Հայաստանի»-ի մեր գործընկերների դիրքորոշմանը: Նախօրեին նաև բովանդակային քննարկում ենք ունեցել ԼՀԿ ներկայացուցիչների հետ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, որ ԼՀԿ-ն այս պահին չի սատարի ԲՀԿ-ին և Սահմանադրական փոփոխությունները հակասահմանադրական ճանաչելու հարցով կդիմի ՍԴ, երբ ավարտվի Ռոբերտ Քոչարյանի գործով քննությունը:

«ԼՀԿ-ն ժամկետների հետ կապված իրենց վերապահումներն ունի, այնպես որ, մենք հիմա պետք է լսենք համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասով նրանց առաջարկները: Մենք, բնականաբար, ներկայացրել ենք մեր դիրքորոշումն այն մասով, որ այս գործընթացում րոպե անգամ կորցնելը հղի է բավականին վտանգավոր հետևանքներով: Ինչպես առիթ ունեցել ենք ասելու, այն, ինչ երկու օր առաջ տեղի ունեցավ խորհրդարանում, կոնկրետ Սահմանադրության կոպտագույն խախտում էր, սակայն ԼՀԿ-ի մեր գործընկերներն իրենց վերապահումներն ունեն:

Այնպես որ, սպասենք իրենց առաջարկներին: Իրենք կոնկրետ դիմումի հետ կապված ունեն առաջարկներ, որոնք պետք է ներկայացվեն, և դրանից հետո արդեն ավելի համապարփակ մշակված տարբերակով կներկայացվի ՍԴ», - ասաց մեր զրուցակիցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել