Ֆելիքս Թոխյանը հայտարարեց, որ խորհրդարանական համակարգում ձևավորված խորհրդարանում չի կարող «անկախ» պատգամավոր գոյություն ունենալ:
Թեմայի իրավական ու օրինական հիմնավորումներին առանձին հոդվածով մանրամասնորեն անդրադարձել եմ դեռ երկու տարի առաջ՝ 2018 թվականի հունիսին (http://www.diplomat.am/publ/public/1/14-1-0-1887):
Նաև համոզված եմ, որ խմբակցությունից հեռանալուց հետո պատգամավորի մանդատը պահած անձը կարող է դատվել ՀՀ ՔՕ 300.2 հոդվածով, որտեղ հստակ կերպով նշված է «իշխանությունը պահելը` Հանրապետության Նախագահի, պատգամավորի, վարչապետի, նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելը պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով» (https://www.facebook.com/robert.markarian/posts/10206573620295480):
Պիտի խոստովանեմ, որ իմ ուշադրությունից վրիպել էր ԱԺ-ի օրինականության հարցը:
Համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ ԱԺ-ում ընդդիմությանը պիտի հատկացվի մանդատների 1/3-րդը, ինչին անդրադարձավ նաև Ֆելիքս Թոխյանը: Համաձայն Ֆելիքս Թոխյանի հայտարարության այս պահին նման բան գոյություն չունի:
ՀՀ ԱԺ-ն ունի 132 պատգամավոր: Խորհրդարանի ձևավորման պահին «Իմ քայլը» խմբակցությանը բաժին էր հասել 88, ԲՀԿ-ին՝ 26, իսկ ԼՀԿ-ին՝ 18 մանդատներ պահպանվելով խորհրդարանի մանդատների 1/3-րդը (44 մանդատ) ընդդիմությանը հանձնելու կապակցությամբ օրենքի պահանջը:
Հետագային ԼՀԿ և ԲՀԿ խմբակցություններից հեռացան Արման Բաբաջանյանն ու Տիգրան Ուրիխանյանը հայտարարելով, որ պահում են մանդատները որպես «անկախ» պատգամավոր, ինչը օրենքով նախատեսված չէ:
Արդյունքում այս պահին մանդատների հարաբերակցությունը փոխվել է և ընդդիմադիր կուսակցություններն ունեն ընդամենը 42 մանդատ: Նույնիսկ եթե ինչ-որ վերապահումներով հնարավոր լինի Տիգրան Ուրիխանյանի մանդատը հաշվարկել ընդդիմության հաշվին, Արման Բաբաջանյանի պարագային դա հաստատ հնարավոր չէ:
Հետևաբար այս պահին 7-րդ գումարման ԱԺ-ում ընդդիմությունն ունի 42 (կա լավագույն դեպքում 43) ձայն, ինչը նշանակում է, թե խախտվել է ՀՀ Ընտրական օրենսգրքի 96-րդ հոդվածի 2 կետի պահանջը:
Արդյոք 7-րդ գումարման ԱԺ-ն կորցրե՞լ է իր օրինականությունը: Եթե այո, օրինակա՞ն են արդյոք նրա ընդունած որոշումները: Այս հարցերին պիտի պատասխանեն մեր իրավաբաններն ու սահմանադրագետները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել