Ես չգիտեմ՝ վաղը՝ ժամը 10։00 ֊ին, Լուսավորն ի՞նչ դիրքորոշում կհայտնի, բայց ինչպես հասկացա անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի դիրքորոշումից, եթե իր ձայնը որոշիչ լիներ, ինքը կմիանար ստորագրահավաքին ՍԴ դիմելու կապակցությամբ։ Նման իրավիճակում պակասում է մեկ ձայն Հայաստանի Հանրապետությունը որպես իրավական պետություն վերջնականապես չվերացնելու համար։

Ու նույնիսկ եթե ԼՀԿ ֊ը հանցակցի իշխանությանը, միթե՞ չի գտնվի մեկն, ով կգիտակցի ու սատար կլինի սահամանադրական կարգի պահպանմանը՝ փրկելով և՛, պետությունը, և՛ ինքն իրեն։

Հիշե՛ք՝ այս հանցավոր իներտությունը որևէ մեկին չի՛ ներվելու, որևէ պատճառաբանություններ չե՛ն ընդունվելու, ինչպես ամենակուլ սև անցքի առաջ հայտնված յուրաքանչյուր մարմին, մեր պետությունն այլևս հատում է իրադարձությունների հորիզոնը՝ հայտնվելով կործանարար հետևանքների շեմին, լինելիության սահմանին, որից անդին այլևս վաճառելու եք հայի դարավոր երազը, արյամբ շահածը՝ Պետականությունը Հայոց։

Aghvan Vardanyanի խորհրդարանական հայտնի ելույթը հիշեցի 2018 թվականի նիկոլյան շանտաժի օրերին. այնժամ չափազանց քչերը նրան հասկացան, այնժամ նա մեն ֊ մենակ էր՝ հակառակ անկառավարելի հոսանքին, մինչդեռ հավատարիմ մնաց սեփական սկզբունքներին, դե իսկ ժամանակն, ինչպես լավագույն դատավոր, մշտապես էլ արժանին է մատուցում. չանցած երկու տարի՝ մեծամասնությունն արդարացնում է նրան, շատերն ափսոսանք են հայտնում՝ ժամանակին չլսեցին, ականջալուր չեղան։ Այսօր դուք նրա վիճակում չեք, ձեր կողքին են արտախորհրդարանական ուժերն, առանձին անհատները և ի վերջո հասարակության մեծամասնությունն՝ ակնհայտ է՝ իշխող ուժն այլևս չունի այն լեգիտիմությունն, ինչ երկու տարի առաջ և արդեն իսկ հիմնավորապես ապացուցել է՝ և՛ հանցավոր է, և՛ ապազգային, և՛ հակապետական. կանգնելով այսօր պետականաքանդ բարիկադի հակառակ կողմում՝ դուք ապացուցելու եք՝ կանգնած եք խրամատում՝ հանուն Հայոց Պետականության։

Տիկնայք և պարոնայք պատգամավորնե՛ր, այսօր՝ պետության համար վճռական այս պահին, ձեզնից յուրաքանչյուրին բախտ է վիճակվել թեկուզ ուշացմամբ, բայց արդարացնել ձեզ իսկ քվեարկած քաղաքացու սպասելիքներն, ապացուցել՝ ծառայում եք պետությանն ու ժողովրդին, և ոչ թե գերին եք անձնային կամ խմբային շահերի, վերջապես կամակատարության ու《խոսող գործիք》լինելու փոխարեն կարևորում եք սեփական խիղճն ու համոզմունքները։

Ժամն է անհատականությունների, չթվալով ավելորդ օպտիմիստ, չեմ ուզում հավատալ՝ հայ ժողովուրդը գլխովին է սխալվել՝ օրենսդիր մարմին չպատվիրակելով գեթ մեկ արժանապատիվ պատգամավոր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել