Իշխանությունները նշում են ՍԴ-ի դեմ իրենց «Պյուռոսյան հաղթանակը»:
Սակայն չպիտի մոռանալ, որ «ծիծաղում է նա, ով վերջինն է ծիծաղում»:
2018 թվականի հուլիսին Լեհաստանի աջակողմյան կառավարության ընդունած որոշման համաձայն՝ Լեհաստանի գերագույն ատյանի դատավորների պաշտոնավարման տարիքը 70-ից իջեցվեց 65-ի: Արդյունքում մեկ օրում Գերագույն ատյանի դատավորների 1/3-րդը պարտադիր կերպով թոշակի ուղարկվեց:
Որոշմանը կոշտ կերպով արձագանքեցին եվրոպական կառույցները:
Գերագույն ատյանի նախագահ Մալգոժատա Գերսդորֆն, անտեսելով ընդունված որոշումը և այն պայմաններում, երբ իշխանություններն արդեն նշանակել էին նրան փոխարինող անձին, հաջորդ առավոտյան ներկայացավ իր աշխատավայր և հայտարարեց, որ այդպիսով պաշտպանում է իր երկրում օրենքի իշխանությունը:
Գերագույն ատյանի դատավորներին պարտադիր թոշակի ուղարկելու հարցի շուրջ Լեհաստանի իշխանությունների և եվրոպական կառույցների միջև ամիսներ տևած ճգնաժամն ի վերջո հանգուցալուծվեց իշխանությունների նահանջով:
Հաղթեց օրենքի իշխանությունը, և թոշակի ուղարկված Գերագույն ատյանի դատավորները վերականգնվեցին իրենց պաշտոններում:
Սա ինչ-որ բան ցուցանող առակ չէ: Սա նույն այն կառույցի շրջանակներում տեղի ունեցած պարզ իրողություն է, որին անդամակցում ենք նաև մենք ու անտեսում ենք նրա խորհրդատվական տեսակետները: