
Առիթ ունեցել եմ բարձրաձայնելու, որ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար կանգ չի առնելու ոչնչի առջև։
Այսօր Նիկոլ Փաշինյանը գերազանցում է ինքն իրեն։ Այն, ինչի մասին բարձրաձայնել եմ իմ հրաժարականի ժամանակ, այսօր իրականություն է դառնում։
Սահմանադրական դատարանի և ՍԴ դատավորների դեմ Փաշինյանի կողմից ամիսներ շարունակ սանձազերծված խայտառակ ճնշումներից և տապալված հանրաքվեից հետո նրա ցուցումով ԱԺ նիստի այսօրվա օրակարգ է ներառվել մի նախագիծ, որը իշխանության զավթման շատ կոնկրետ հանցակազմ է պարունակում։ Նիկոլ Փաշինյանը գնում է խմբակային հանցագործության, ծանր հանցագործության՝ իշխանության յուրացման ու սահմանադրական կարգի տապալման՝ դրան մասնակից դարձնելով առնվազն 88 պատգամավորի։
Հարգելի՛ պատգամավորներ,
Չկարծեք, թե Սահմանադրության 96-րդ հոդվածը (այն է՝ պատգամավորը չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար) կարող է պաշտպանել ձեզ ձեր իսկ քվեարկությամբ ծանր հանցագործություն կատարելու հետևանքներից։
Ուստի հորդորում եմ ձեզ զերծ մնալ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անհավասարակշիռ մարդու ապօրինի հրահանգները կատարելուց։
Նիկոլ Փաշինյանը ձեզ քրեական հանցագործության է մղում, որի հետևանքները, վստահեցնում եմ, շատ ծանր են լինելու առաջին հերթին մեր պետության, ապա նաև անձնապես ձեզնից յուրաքանչյուրի համար։ Դուք ձեր այսօրվա քվերակությամբ կիսելու եք Նիկոլ Փաշինյանի արարքների քրեական և քաղաքական պատասխանատվությունը։ Լավ մտածեք։
Հարգելի´ գործընկերներ,
Ստեղծված իրավիճակից ելնելով՝ «Հայրենիք» կուսակցությունը հանդես է գալիս «Սահմանադրական կարգի վերականգնման կոմիտե» ձևավորելու նախաձեռնությամբ, և այդ նպատակով սկսում ենք շտապ խորհրդակցություններ պետության ապագայով մտահոգ բոլոր հասարակական-քաղաքական ուժերի հետ։
«Հայրենիք» կուսակցության խորհրդի նախագահ՝ Արթուր Վանեցյան
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayrenikk/photos/a.104514757959780/128126942265228/?type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել