Մեծ հաշվով ինձ արդեն չի հետաքրքրում, թե ինչ են պատրաստվում անել Նիկոլ Փաշինյանն ու իր կողմից հավաքագրված խումբը։
Նրանք արդեն վաղուց անցել են թույլատրելի բոլոր սահմանները, կազմաքանդել են իրավական կարգը և կատարել պետական մասշտաբի մի քանի հանցագործություններ։
Ինձ տվյալ իրավիճակում ավելի շատ հետաքրքրում է նախ՝ խորհրդարանական ընդդիմության, ապա նաև նախագահ Արմեն Սարգսյանի գործողությունները։
Խորհրդարանական ընդդիմությունն ունի սահմանադրական լիազորություն՝ մեկ հինգերորդով դիմելու ՀՀ սահմանադրական դատարան։ Սա եզակի շանս է «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների համար՝ ապացուցելու, որ իրենք իրական ընդդիմություն են, գնալու են մինչև վերջ և վճռական պահին դիմակայելու են իշխանության բացահայտ ապօրինի գործողություններին։
Նախագահ Արմեն Սարգսյանի գործողություններին կանդրադառնամ այս ապօրինի օրենքի ընդունումից և նրա իրավասության ներքո հայտնվելուց հետո։