1in.am-ը գրում է.
Եթե հղիության՝ սեռով պայմանավորված արհեստական ընդհատումները շարունակվեն, կանխատեսումների համաձայն՝ Հայաստանում մինչև 2060 թվականը մոտ 93 հազար մայր չի ծնվի: Տարեկան չծնված աղջիկների թիվը մինչև 2060 թվականը կկազմի 2000: Աղջիկներին տղաներով փոխարինելու ցանկության հետևանքով Հայաստանի բնակչությունը կնվազի 80 հազարով: Հայաստանում նորածինների սեռերի անհամամասնությունը խախտվել է 1991 թ. սկսած:
Առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանն առաջարկում է օրենք ընդունել՝ մինչև 6 ամսական հղիությունը ծնողներին պտղի սեռը չհայտնելու մասին: Այս պարագայում, ըստ նրա, ոչ մեկը չի դիմի հղիության ընդհատման:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի խոսքերով՝ պետք է համապատասխան պատկերացում ունենալ, թե ինչ ձևով կարելի է հակազդել կոռուպցիոն ռիսկերը, եթե ընդունվի արգելքի տարբերակը։ «Որոշակի մեխանիզմներ են պետք է մտածել, որ կիրառելի կլինեն հայկական իրականության մեջ՝ հաշվի առնելով մեր մտածելակերպը, օրենսդրական դաշտը, մեր կարգավորման ենթաօրենսդրական մեխանիզմները, որոնցով կարելի է կառավարել ռիսկերը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գարիկ Հայրապետյանը՝ հավելելով, որ այս օրենքի նախագիծը դեռ շատ հում վիճակում է:
Նա, փաստելով վիճակագրական տվյալները, նշեց, որ Հայաստանում տղա երեխայի նախընտրության երեք հիմնական պատճառ կա՝ անվան, ցեղի շարունակության, տղամարդու տնտեսապես ավելի կայուն լինելու և մեծ հասակում ծնողներին սատար լինելու: Գարիկ Հայրապետյանը փաստում է, որ Հայաստանում տղա երեխա ունենալու ցանկությունը միջինը 6 անգամ ավելի է աղջիկ երեխա ունենալու ցանկությունից:
2012 թ. հունիսից 2013 թ. հունվար ամիսներին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի պատվերով Փարիզի բնակչության և զարգացման կենտրոնի Զարգացման հետազոտական ինստիտուտը ներկայացնող դոկտոր Քրիստոֆ Գիլմոտոյի կողմից իրականացվել է այս թեմայով ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ 100 աղջկա դիմաց ծնվում է 114 տղա: Սա համարվում է աշխարհում արական սեռի նորածինների գերակշռության ամենաբարձր մակարդակ: Այդ ցուցանիշը վերջին տասնամյակում Հայաստանի մարզերում տատանվում է 111-124-ի միջև: Կարևոր է նաև, թե նորածինը որերորդ երեխան է. երրորդ երեխայի դեպքում, օրինակ, 100 աղջկա դիմաց ծնվում է 160 տղա: Սա աշխարհում արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է: Մինչև 15 տարեկան տղա երեխաների թիվը գերազանցում է աղջիկների թվին գրեթե 39 հազարով:
Հարցին, թե ինչ լուծում կարելի է գտնել խնդիրը կարգավորելու համար, Գարիկ Հայրապետյանը պատասխանեց. «Ինքնագիտակցման բարձրացման, ազգաբնակչությանը բացատրելու, հասարակության մեջ աղջիկ երեխայի դերի և արժեքի բարձրացման միջոցով»:
Նշենք, որ նման խնդիրներ ունեցող երկրների փորձը ցույց է տալիս, որ այս երևույթը կարող է ցավոտ հետևանքների հանգեցնել, ներառյալ՝ հանցավորության աճ, տղամարդկանց մեծացող արտագաղթ, կանանց առևանգում: