Հենց հիմա վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ ընթանում է նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի միջնորդության բողոքարկումը, որտեղ փաստաբան Սեդա Սաֆարյանն իր ելույթում խախտեց անձի անմեղության կանխավարկածը միանգամից 2 դրվագով:
Տիկին Սաֆարյանը խոսեց իմ և Sargis Ohanjanyan-ի մասնակցությամբ հայտնի գործին, որը իմ և փաստաբանների խորին համոզմամբ ամբողջությամբ հիմնված է դատավոր Դանիբեկյան Աննայի սուտ ցուցմունքի վրա: Սաֆարյան Սեդան հստակ հայտարարեց, որ մենք այդ գործում մեղավոր ենք, ինչով նախ՝ ոտնահարեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի գործունեությունը, և հետո նաև ոտնահարեց իմ և Սարգսի իրավունքները:
Դրանից հետո սահուն անցում կատարեց իր եղբոր՝ Ստյոպա Սաֆարյանի հեռախոսի կողոպուտի գործին, որտեղ, ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ ճշմարտացիություն չներշնչող ցուցմունքի, ես և ընկերներս անցնում ենք որպես կասկածյալ-վկա: Այս գործի մասին խոսելիս ևս Սաֆարյան Սեդան մեղադրեց մեզ՝ իրեն վեր դասելով թե՛ Քննչական կոմիտեից, թե՛ դատարանից:
Իհարկե, հասկանում եմ, որ քույր և եղբայր Սաֆարյանները մեծ առավելություններ ունեն ստի ու կեղծիքի վրա ստեղծված Նոր Հայաստանում, բայց վերջիվերջո հնարավո՞ր է արդյոք, որ Հայաստանի Հանրապետությունում գործեն օրենք և օրինականություն:
Պահանջում եմ, որ տիկին Սաֆարյանը հրապարակավ հերքի իր խոսքերը:



