Ինձ ճանաչողները գիտեն, որ եզդի ժողովրդի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունեմ ու երբեք չեմ տարանջատել նրանց հայ ժողովրդից: Բայց իմ կյանքում երեք անգամ առանձնահատուկ եմ հպարտացել եղբայրական այս ազգով, իրենց թասիբով, ավելի լավ հայ լինելով: Առաջին դեպքն, իհարկե, հերոս Քյարամ Սլոյանին է վերաբերում: Նա Ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ ադրբեջանական հատուկջոկատայինների գերազանցող ուժերի ճնշման տակ կապիտան Արմենակ Ուրֆանյանը անձնակազմին հրամայել է հեռանալ առաջնագծից, ինքը եւ Աբաջյան Ռոբերտը, չենթարկվելով հրամանատարի հրամանին, շարունակել են պաշտապանական մարտը։ Պատկերացնո՞ւմ եք՝ այսօր ունենք լիքը բանակ չծառայած հայ պատգամավորներ, իսկ եզդի 20 տարեկան տղան հայկական հողը կյանքով պաշտպանեց:

Երկրորդ դեպքը վերաբերում է նախկին պատգամավոր Ռուստամ Մախմուդյանին, որը երկու տարի առաջ շատ հայ քրիստոնյա պատգամավորներից ավելի թասիբով գտնվեց ու մինչեւ վերջ պաշտպանեց Հայ Առաքելական եկեղեցին ու Ամենայն Հայոց կաթողիկոսին: Փշաքաղվելու չափ հուզիչ էր, երբ ԱԺ-ում հայ պատգամավորները թռած էին ու այդ նախագիծը թույլ չտվեցին կյանքի կոչվի, բայց եզդի պատգամավորը հանձնաժողովում ու ԱԺ ամբիոնից պաշտպանում էր հայ եկեղեցին:

Երրորդ դեպքն այսօր էր, երբ Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը եկավ Ազգային ժողով ու սատարեց Գագիկ Ծառուկյանին: Ասածս քաղաքականության մասին չէ, այլ, ի տարբերություն շատ ու շատ մարզիկների, ուտող-ուրացող չլինելու, թասիբի, նամուսի մասին: Չնայած ո՞ւմ եմ ասում, հասկացողը հասկանում է, չհասկացողին էլ թեկուզ հազար անգամ ասա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել