Politik.am-ը գրում է․

Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ՀՀ գլխավոր դատախազի կողմից ստացել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրեր։ Հարցերն ընդգրկվել են այսօր մեկնարկող ԱԺ հերթական նիստերի օրակարգում։

Իշխանությունները մտավախություն ունեն, որ չեն կարողանա ապահովել անհրաժեշտ 78 ձայնը։ «Իմ քայլ»-ը խմբակցության շատ անդամներ ջերմ հարաբերություններ ունեն Գագիկ Ծառուկյանի հետ, մի մասն էլ վստահ է, որ այս գործը մեծ գլխացավանք է դառնալու իշխանությունների համար և հնարավոր է դեմ քվեարեկեն գլխավոր դատախազի միջնորդությանը։

Որպեսզի բոլոր իմքայլականները մասնակցեն և կողմ քվեարկեն միջնորդությանը իշխությունները անում են հնարավոր ամեն բան։ Երեկ բոլոր թիմակիցների հետ Նիկոլ Փաշինյանի անունից դաստիարակչական խոսակցություններ են տարվել։ Մեկ տասնյակից ավել կասկածելի պատգամավորների հետ խոսել են տղայականով՝ նրանց վրա մոր քֆուր են դրել, որպեսզի նրանք «չթռնեն» Փաշինյանի նավից։ 

Առավոտյան էլ վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Ծառուկյանի տան խուզարկության տեսանյութով և գրել․ «Ժողովրդի ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու (եւ ընդհանրապես՝ կոռուպցիայի, չարաշահումների, հարկեր վճարելուց խուսափելու եւ այլ բոլոր դեպքերը պետք է Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով քննվեն եւ հանգեն օրենքով նախատեսված արդյունքի:

Ազատությունը, ժողովրդավարությունը, օրինականությունը Հայաստանում այլընտրանք չունի: Բոլորը հավասար են օրենքի առաջ»:

Փաշինյանի այս գրառումը ուղերձ է թիմակիցներին, որ հարցն իր համար օրհասական նշանակություն ունի և ով դեմ դուրս գա դրան՝ դեմ է դուրս գալու «ժողովրդի ազատ կամարտահայտմանը»։ Դեմ դուրս եկողները առաջիկայում կզրկվեն նաև իրենց մանդատներից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել