Կան իրավական գործընթացներ, եւ մենք կարծում ենք, որ այդ իրավական գործընթացների նկատմամբ կա քաղաքական միջամտություն եւ ազդեցություն եւ դա փաստում է իշխանությունն իր գործողություններով: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Օրինակ, երբ ընդդիմադիրները սրում են իրենց հռետորաբանությունը եւ այդ իրավական գործընթացներն սկսվում են: Այսինքն ժամանակագրորեն դա շատ ակնառու է: Մենք տեսնում ենք, որ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով տարածվում են նախաքննական գաղտնիքի փաստաթղթեր, մենք տեսնում ենք, որ պաշտոնյաների բարձր մակարդակով որոշում են՝ մեղավոր է, թե անմեղ է այդ անձը: Այսինքն դատավճիռ են իրականացնում սոցիալական ցանցերում այդ անձի նկատմամբ:

Մենք չենք ասում, որ որեւէ մեկը չպետք է ենթարկվի պատասխանատվության: Այո, բոլոր նրանք, որոնք հանցագործություններ են կատարել, պետք է կրեն պատասխանատվություն, բայց մենք  տեսնում ենք, որ կա նպատակահարմարության միտում: Այսինքն, երբ անհրաժեշտություն է առաջանում, իշխանությունն սկսում է այդ գործողությունները: Եվ դա չգիտես ինչու համընկնում է նրա հետ, երբ տվյալ քաղաքական ուժը սկսում է քննադատել իշխանությանը»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս կքվեարկի «Լուսավոր Հայաստանը», եթե գլխավոր դատախազը ԱԺ-ին միջնորդի անձեռնմխելիությունից զրկել Գագիկ Ծառուկյանին, Անի Սամսոնյանն պատասխանեց. «Գլխավոր դատախազը այդ հարցով չի եկել ԱԺ եւ ենք որեւէ քննարկում չենք ունեցել»:

Դիտարկմանը, որ իշխանությունները պնդում են, որ երեկ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը բռնություն չի կիրառել փողոցը փակած կին պատգամավորների նկատմամբ, պարզապես նրանց հեռացրել է եւ բացել երթեւեկությունը, Անի Սամսոնյանն արձագանքեց. «Եթե իշխանությունները պնդում են, որ այն եղանակներն ու մեթոդները, որոնք օգտագործում է ոստիկանությունը, իրավաչափ է, նշանակում է Սերժ Սարգսյանի ոստիկանությունը ճիշտ էր աշխատում: Բայց իրականում այդպես չէ, որովհետեւ մենք տեսնում ենք, որ ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառում: Մենք միշտ խոսել ենք ոստիկանության բարեփոխումների մասին, բայց այդ բարեփոխումները այսօր ոչ միայն չեն կատարվում, այլ նաեւ արդեն խրախուսվում են այդ մեթոդները:

Այսօր այն մեթոդները, որ կիրառում են իշխանությունները կին ընդդիմադիրների նկատմամբ, խոսում է իրենց երսպաշտության մասին, որ որեւէ գնահատական դրան չի տրվում: Իհարկե անհամաչափ ուժ էր կիրառվում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել