Pastinfo.am-ը գրում է․

«Բացառվում է, որ Գագիկ Ծառուկյանին ձերբակալեն, որովհետև դրա սահմանադրական հիմքն ամբողջությամբ բացակայում է»,- «Փաստինֆո» -ի հետ զրույցի ընթացքում ասել է ՀՀ  նախկին  գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը` անդրադառնալով այսօրվա թիվ մեկ իրադարձության`՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձություններին:  Ո՞ր պարագայում է հնարավոր պատգամավորական կարգավիճակ ունեցող անձին ձերբակալել կամ արդյո՞ք  օրենքում  կա այնպիսի դրույթ, որը  թույլ է տալիս պատգամավորական անձեռնմխելիության կարգավիճակում գտնվող անձի ձերբակալումը: Այս և այլ հարցերի վերաբերյալ «Փաստինֆո»-ն լսել է նախկին գլխավոր դատախազի վերլուծություններն ու գնահատականը:

-Պարոն Կոստանյան, ո՞ր պարագայում է հնարավոր իրականացնել Ազգային ժողովի պատգամավորի ձերբակալությունը:

- Քրեական դատավարության օրենսգիրքը  սահմանում է անձին ձերբակալելու հիմքերը, բայց պատգամավորին ձերբակալելու հիմքերը քրեական դատավարության օրենսգրքով չի սահմանվում: Պատգամավորին ձերբակալելու համար  այլ  հիմքեր են նախատեսված՝ բացառապես ՀՀ Սահմանադրությամբ: Սահմանադրության 96-րդ հոդվածը  երկու բացառիկ դեպք է նախատեսում ԱԺ պատգամավորի ձերբակակելու համար՝  դա  նրա կողմից հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո ձերբակալումն է, այսինքն,  պատգամավորին պետք է ձերբակալել միայն այն դեպքում, եթե նա հենց այդ պահին որևէ հանցագործություն է կատարում կամ  ձերբակալումը հանցանքի կատարման պահից անմիջապես հետո է: Եթե ենթադրյալ հանցանքից  արդեն տևական ժամանակ է անցել, ապա պատգամավորին ձերբակալել չի կարելի: Տվյալ պարագայում  անհրաժեշտ է նախ պատգամավորի անձեռնմեխելիության հարցով մտնել Ազգային ժողով:

-Դուք ծանո՞թ եք Գագիկ Ծառուկյանին առնչվող դեպքի մանրամասներին, որով պայմանավորված,  այսօր նա հարցաքննության է կանչվել ԱԱԾ:

-Այո, ես նայեցի ԱԱԾ հաղորդագրությունները և գիտեմ, թե ինչ գործերի մասին է խոսքը: Տվյալ պարագայում  անհնար է պատգամավորին ձերբակակել, որովհետև  այդ բոլոր ենթադրյալ հանցանքները կատարվել են  շատ տարիներ առաջ, հետևաբար, սահմանադրական այն սկզբունքը, որ պատգամավորին կարող են  ձերբակակել  հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո , արդեն չի կարող արդիական լինել, այն պարզ պատչառով, որ այդ ենթադրյալ հանցանքները կատարվել են տարիներ առաջ: Հետևաբար, ես կարծում եմ՝ բացառվում է, որ Գագիկ Ծառուկյանին ձերբակալեն, որովհետև դրա սահմանադրական հիմքն ամբողջությամբ բացակայում է:

-Իսկ հնարավո՞ր է՝  վաղը կամ ամենամոտ ապագայում  գլխավոր  դատախազը մտնի ԱԺ և  Գագիկ Ծառուկյանին  անձեռնմխելությունից զրկելու  ու կալանավորելու միջնորդություն ներկայացնի:

- Քիչ առաջ մենք  խոսում էինք  ձերբակալման մասին: Իսկ ԱԺ պատգամավորին, այդ թվում նաև Ծառուկյանին կալանավորելու կամ քրեական հետապնդման ենթարկելու համար, այո,   դատավարական, սահմանադրական առումով իրավունք ունեն մտնել ԱԺ և միջնորդություն ներկայացնել, եթե իհարկե  դրա համար կան համապատասխան հիմքեր: Հիմա ես չգիտեմ այդ հիմքերը կա՞ն,  թե՞ չկան: Հետևաբար,  երբ իրենք կմտնեն ԱԺ (եթե մտնեն) այդ ժամանակ կխոսենք այն մասին, թե արդյո՞ք ունեին բավարար հիմքեր, դա իրականացնելու համար: Սահմանադրական իրավունքի տեսակետից, այն ինչ ասացի՝ վերաբերում էր ձերբակալմանը: Հետևաբար, նրանք այսօր պարտավոր են Գագիկ Ծառուկյանին բաց թողնել: Անգամ, եթե ենթադրաբար նրանք հիմքեր ունեն, որպեսզի վաղը մտնեն ԱԺ և անձեռնմխելիությունից զրկեն Գագիկ Ծառուկյանին, միևնույն է, այսօր նրան պետք է բաց թողնեն:

- Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք այն,  ինչ այսօր է կատարվում Ծառուկյանի դեպքի առնչությամբ,  իշխանությունների ուղիղ հրանագը չէ ԱԱԾ-ին, որը,  կարող էր կապ ունենալ վարչապետի և նրա ընտանիքի վերաբերյալ պարբերաբար հրապարակվող ապօրինի գործողությունների մասին բացահատումների աղմուկը լռեցնելու  հետ:

-Ես չեմ կարող հստակ  ասել՝  հրահա՞նգ է սա,  թե՞ ոչ:  Կարող եմ  միայն  ենթադրել,  որ, այո, ակնհայտ հրահանգ է: Ինչո՞ւ,  որովհետև պատկերացրեք  սա տարիներ առաջ կատարված ենթադրյալ  հանցանք էր  և,  հանկարծ ինչ -  որ մի վկա է հայտնվում,   որը որոշում  է տարիներ անց  անկեղծ լինել և նոր մոտեցումներ է  ի հայտ բերում: Այսինքն, ինքնին այս հանգամանքն ամբողջությամբ կասկածի տակ է դնում ողջ քրեական դատավարության պրոցեսը: Երկրորդ՝  օրինակ հենց այս դեպքի  հետ կապված ինչ- որ փաստաթուղթ են շրջանառում, Մարտունու  ընտրական  տեղամասերից՝  ինչ - որ մեկի անվան հետ կապված: Իրականում, դա ոչ թե  փաստաթուղթ է, այլ պարզապես մի թուղթ, որովհետև թղթի ու փաստաթղթի տարբերությունը կայանում է նրանում, որ փաստաթուղթը պետք է ունենանա կոնկրետ վավերապայմաններ՝ ստորագրություն կնիք և այլն: Երբ այդ վավերապայմանները բացակայում են,  սա դառնում է թուղթ  և  հիմնվելով  որևէ թղթի կտորի վրա, այսպիսի քննչական գործողություններ  իրականացնել,  այն էլ՝  այսպիսի մեծ աղմուկով, ակնհայտ է դարձնում, որ այստեղ, իմ խորին համոզմամբ, իրավական  պրոցեսի մասին խոսք լինել չի կարող: Դա նույն է,  որ, ասենք,  թռուցիկի հիման վրա քրեական հետապնդում կամ քրեական գործ հարուցվի:

-Այդ դեպքում, ձեր կարծիքով ո՞րն է այս ամենի նպատակը,  ի՞նչի համար է արվում սա:

- Ես նախկինում էլ առիթ ունեցել եմ ասելու, որ խոսքը բացառապես քաղաքական գործընթացներին  է վերաբերում: Ընդ որում այն դեպքերում, երբ մենք գործ ունենք ոչ թե  ապացույցների  անբավարարության,  այլ դրանց  իսպառ բացակայության հետ, ապա  բոլոր նման դեպքերում մենք կարող ենք խոսել քաղաքական հետապնդման դեպքի մասին: Առավել ևս,  նկատի  ունենալով Գագիկ Ծառուկյանի կամ շատերի կողմից արված  քաղաքական բնույթի հայտարությունները և դրանց անմիջապես հաջորդող,  այսպես կոչված, քրեական բացահայտումները,  նորից կրկնվեմ՝ ոչ թե առանց բավարար ապացույցների, այլ բացառապես առանց որևէ ապացույցի, ակնհայտ է դառնում, որ այստեղ  խոսքը գնում է քաղաքական հետապնդման և քաղաքական իշխանության  կամայականության մասին միայն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել