Armtimes.com-ը գրում է․
Ոստիկանությունը, համագործակցելով տեսչական մերմինների հետ, շարունակում է հսկողություն իրականացնել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների պահպանման նկատմամբ՝ այս համատեքստում իրականացնելով տարաբնույթ միջոցառումներ։
Հերթականը հունիսի 13-ին է եղել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Կոտայքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումնների ծառայողները, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների հետ, ուժեղացված ստուգայցեր իրականացրին մայրաքաղաքում և Կոտայքի մարզում գործող մի քանի տասնյակ ռեստորանահյուրանոցային համալիրներ։
Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով՝ Պարետի որոշումներով պարտադիր կատարման ենթակա կանոններ են սահմանվել նաև այս տնտեսվարող սուբյեկտների համար։ Մասնավորապես, հյուրանոցառեստորանային համալիրներում պետք է խստագույնս պահպանվեն հիգիենայի կանոնները, լինեն ախտահանիչ նյութեր, աշխատակիցները պետք է իրականացնեն ախտահանում և փաստաթղթավորում, հաճախորդների և անձնակազմի ջերմաչափում, սպասարկման սրահներում հաճախորդների միջև սոցիալական հեռավորության պահպանում, արգելվում է մեկ սեղանի շուրջ հինգից ավելի անձանց առկայությունը, հանրային սննդի կազմակերպություններում ուղեկցվող ֆոնային երաժշտությունից զատ պետք է բացառվեն կենդանի կամ վերարտադրված երաժշտության կատարումները, ինչպես եւ՝ սոցիալական սերտ շփում ենթադրող այլ միջոցառումներ, այդ թվում՝ պարերը, ժամանցի և զվարճանքի այլ գործողությունները:
Ուժեղացված ստուգայցերի ընթացքում ոստիկանության ծառայողներն ու սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները հայտնաբերեցին 13 խախտում, որոնց փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։
Ուժեղացված ստուգայցերը շարունակվում են։