Զիմբաբվեի դոլարը Զիմբաբվե պետության գումարային միավորն է, որը գոյություն է ունեցել 1981 թ. ապրիլի 15-ից մինչև 2009 թ. հունիսի 30-ը: Մեկ զիմբաբվեյան դոլարը հավասար էր 100 ցենտի: 2009 թ. հունիսի 30-ին դոլարը դադարեց իր գործողությունը Զիմբաբվեի ռեզերվ բանկի որոշմամբ: Զիմբաբվեի Հանրապետությունը պետություն է Հարավային Աֆրիկայում, որը տնտեսական աշխարհում հայտնի է նրանով, որ 2008 թ. պաշտոնական տվյալներով այնտեղ ինֆլյացիան հասել էր 231 միլիոն տոկոսի: Շարունակական ինֆլյացիայի պատճառով թողարկվում էին 100,000,000,000,000 դոլարանոց թղթադրամներ (100 տրիլիոն): Թղթադրամի առաջնային կողմում պատկերված էին Չիրեմբայի՝ Զիմբաբվեի տեսարժան վայրերից մեկի հավասարակշռող քարերը, հակառակ կողմում՝ Զիմբաբվեի բնապատկերները:
2008 թ. վերջում գները կրկնապատկվում էին յուրաքանչյուր 24,7 ժամը մեկ անգամ, ինչը համապատասխանում է տարեկան 6,5 կվինկվատրիգինտիլիոն տոկոսի, այսինքն՝ 6,5*10108%:

Օրինակ՝ 2008 թ. հուլիսի 4-ին մեկ շիշ գարեջուրը տեղի ժամանակով ժամը 17:00-ին արժեր 100 միլիարդ զիմբաբվեյան դոլար, իսկ երկու ժամ անց՝ 150 միլիարդ: Չնայած կառավարության փորձերին՝ ինֆլյացիան օրենսդրական եղանակներով կասեցնելու, զիմբաբվեյան դոլարի շրջանառությունը պարզապես դադարեցվեց: Դրա փոխարեն պետության քաղաքացիները սկսեցին օգտագործել ԱՄՆ դոլար, եվրո, Միացյալ Թագավորության ֆունտ ստեռլինգ, ինչպես նաև հարևան այն աֆրիկյան պետությունների արժույթը, որոնք առավել կայուն ֆինանսական վիճակում էին: Զիմբաբվեն վերածվեց աշխարհի ամենաաղքատ պետություններից մեկին և դարձավ դրա եռյակի անդամներից մեկը Լիբերիայի և Կոնգոյի հետ միասին:

2013 թ. հունվարին երկրի ֆինանսների նախարարը հայտնեց, որ պետական ծառայողների աշխատավարձը վճարելուց հետո պետական գանձարանում մնացել է 217 դոլար: 2019 թ. վերջում Զիմբաբվեի տնտեսությունը շարունակում էր մնալ ծանր դրության մեջ. գործազրկության մակարդակը հասնում էր 80-90%-ի, արտաքին պարտքը՝ 2 միլիարդ դոլարի: Հիպերինֆլյացիայի վտանգը շարունակում էր առկա մնալ:
100 տրիլիոն դոլարանոց թղթադրամները այսօր շարունակում են եկամուտ բերել. դրանք վաճառվում են զբոսաշրջիկներին և կոլեկցիոներներին:



