Որպես փոքր նախաբան՝ սկսենք նրանից, որ ՀՀ և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են դեռևս 1992թ.֊ին։ Մի շարք պատճառներով ՀՀ֊ն երկար ժամանակ Իսրայելում դեսպանություն չի հիմնել (Պաղեստինի խնդիր, Իրանի հետ հարաբերություններ,արաբական երկրների հետ հարաբերություններ, Ադրբեջանի գործոն...), և երկու երկրներն, էսպես ասենք, աչքի չեն ընկել ջերմ հարաբերություններով։ Վերջին 1֊2 տարիներին էական փոփոխություններ են տեղի ունեցել էս առումով։
Հատուկ Իրանի մտահոգությունների վերաբերյալ խոսակցություններն անլուրջ համարողների համար այս գրառմամբ կնշեմ ընդամենը 2 կետ՝ կապված դեսպանություն հիմնելու խնդրի հետ.
#Փաստ_1. 2017թ.֊ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Իսրայել կատարած 《անշառ》 այցին պաշտոնական Թեհրանն արձագանքել էր ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմիի շուրթերով։ Խոսնակը հայտնել էր շատ կոնկրետ մտահոգություն և հորդորել բարեկամ հայերին ուշադիր լինել սեփական գործողություններին, հաշվի առնել Իսրայելի՝ 《տարածաշրջանում կայունությունը խաթարելու նպատակ》 ունենալու հանգամանքը։
#Փաստ_2. 2019թ. սեպտեմբերին Հայաստանի կառավարությունն Իսրայելում ՀՀ դեսպանություն հիմնելու որոշում կայացրեց։ Արտգործնախարար Մնացականյանն այս առթիվ հայտարարեց. «Իսրայելում դեսպանություն ստեղծելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մերձավորարևելյան տարածաշրջանում Իսրայելը հանդիսանում է կարևոր աշխարհաքաղաքական դերակատար, որի վարած քաղաքականությունն ուղղակիորեն ազդում է այդ տարածաշրջանի վերձևավորման եւ կայունության վրա։ Դեսպանություն հիմնելը միտված է նաև պետական մակարդակով ներգրավվելու բազմադարյա հայկական ներկայության, հարուստ պատմա-մշակութային ժառանգության, Հայ առաքելական եկեղեցու՝ Սուրբ վայրերի իրավատեր լինելու պահպանմանը»։ Կարելի ա էս հայտարարությունն էլ վերլուծել, բայց ամեն ինչ շատ տրամաբանական ա, ու վստահ եմ, որ Իրանի հետ էս առումով նախապես որոշակի աշխատանքներ տարվել են։
Էս երկու կետին նայելով՝ հասկանում ենք, չէ՞, որ երկրորդ անգամ պաշտոնական 《տաք֊տաք》 արձագանքի բացակայությունը չի նշանակում, թե Թեհրանի՝ 2017֊ին հայտնած մտահոգությունը 2 տարի անց, հատկապես՝ էս նոր իրողությունների դեպքում չեղարկվել կամ հօդս ա ցնդել։
Էլի՛ եմ ասում՝ էս ուղղությամբ մեր ԱԳՆ֊ն, ամենայն հավանականությամբ, աշխատանքներ տարել ա բարեկամ Իրանի հետ, բայց սա դեռ հարցի միայն մի՝ ո՛չ ամենամեծ կողմն ա։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/areg.sardaryan.3/posts/2088196737991302
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել