Ինչպես անհատները, այնպես էլ ազգերը ընտրում են իրենց ապագան, որը լիովին տեսանելի և կռահելի է հասարակության ներկա ապրելակերպով և վարք ու բարքով: Շատերը վաղուց ընտրել են հայրենիքը, որը նշանակում է ընտանիք և բարոյականություն։ Նրանց բոլոր գործողությունները միտված են միակ նպատակին՝ հայրենիք՝ պետություն ձեռք բերելուն: Նրանք չեն մտածում մեծ տուն ունենալու, հարստություն դիզելու, իրենց ծանոթների շրջանում դրանով հպարտանալու և նման դատարկ բաներով: Այսօր այդպիսի ժողովրդների միակ երազանքը սեփական պետությունն ունենալն է, որին նրանք լծվել են ազգովի՝ բոլորով, և պայքարում են անձնվիրաբար ու բարոյապես․․․ Մենք՝ հայերս, ընտրել ենք կրթությունը, քաղաքակրթությունը, հարստությունը, որոնց, այդպես հավատացնում են այդ երկրներ տեղափոխված, արտագաղթած հայերը, կարելի է հասնել կամ ձեռք բերել ինչպես Եվրոպայում, ԱՄՆ-ում, այնպես էլ, մասնավորապես, Ռուսաստանում:
Իրադարձություններն արագ են զարգանում։
«Կիրթ և կոնստրուկտիվ» Ադրբեջանը վերազինում է բանակը, միլիոներ ծախսում զորավարժությունների համար, Եվրոպան ամեն ինչ անում է Հայաստանում ամրապնդելու հակառուսական տրամադրությունները, ոչ մի երաշխիք չտալով, որ անհրաժեշտության դեպքում ուժով կպաշտպանի մեր երկիրը, Թուրքիայի հետ հարաբերությունները վատթարանում են, որը այս երկրին դրդում է վերագնահատել ռուսների հետ հարաբերությունները: Ճիշտ նման իրավիճակ ստեղծվել էր ավելին քան հարյուր տարի առաջ, և այն ժամանակվա քաղաքական գործիչները կարծես անտեղյակ էին իրենց շուրջը հյուսվող դավերից։ Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր իշխանությունները զբաղված են հարստություն դիզելով, գրողները՝ գրելով, դերասանները՝ դերասանություն անելով, ընդդիմադիրները՝ հրաժարական պահանջելով, մարզպետները՝ հարկ հավաքելով, իսկ հասարակության մեծագույն մասը՝ ՖԲ-ում ազգափրկիչ ստատուսներ գրելով և այլն․․․ Մի խոսքով՝ բոլորը զբաղված են ամեն ինչով՝ բացի հայրենիքից։ Հայրենիքն էլ իր հերթին չի զբաղվել և չի էլ զբաղվում քաղաքացիների հոգսերով․․․ Հարյուր տարի առաջ նման իրավիճակում միանգամայն կանխատեսելի էր պետության կորուստը․․․
Քաղաքականությունն իսկապես ամբոխի մասնագիտությունը չէ, և երբ չես տիրապետում համակողմանի տեղեկությունների, բոլորովին պարտադիր չէ կարծիք հայտնել՝ կրկին մոլորեցնելով հասարակությանը․․․Քաղաքականությունը գործողություն է և ոչ թե այդ գործողությունները քողարկող հայտարարություններ։ Գործողություն, որին հիանալի տիրապետում են շատ երկրների կառավարություններ, և որից իսպառ զերծ է մեր այսօրվա քայլած իշխանությունը։
Մի շարք երկրների քաղաքականության թիրախն իրականում Հայաստանի Հանրապետության իշխանություններն են, որոնց սիրողական ու մակերեսային տրված խոստումների և դրանց չկատարման քաղաքականությունն ափերից հանել է այդ երկրների իշխանություններին, սպասենք նոր զարգացումների… Այս մեղադրանքն այնքան լուրջ է, որ եթե Հայաստանի Հանրապետության ներկա իշխանությունները քիչ թե շատ թասիբ ունենային կամ գոնե չնչին հարգանք սեփական ազգի, ժողովրդի, հայրենիքի նկատմամբ, կրքերն ավելի չբորբոքելու համար նրանք պարզապես կհեռանային՝ մինչ այդ հայտարարելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, բայց քանի որ նրանք ամենևին չեն գիտակցում, թե երկիրն ինչ պատերազմի և փակուղու առաջ են կանգնեցրել, և վտանգի մասին ցանկացած նախազգուշացում միայն ավելի է խորացնում նրանց «գոռոզ» քամահրանքը հասարակության և ընդիմախոսների նկատմամբ, նման գործելակերպը թվում է առասպել․․․
Կառավարության անձեռնահասության և անգործունեության պայմաններում ոչ միայն ընդդիմության, այլև ամբողջ հասարակության հրատապ խնդիրն է իշխանություններին ստիպել վերանայել իրենց մոտեցումները, բայց սա էլ է առասպելի ժանրից, քանզի ժողովուրդը, որքան էլ ցավալի է նշել, սակայն փաստ է, վաղուց ընտրել է իշխանություններից վրեժխնդիր լինելու միջոցը․ եթե իշխանությունները չեն հեռանում, ժողովուրդը արտագաղթում է․․․
Հ.Գ. Հասարակությունը չի պատկերացնում, թե ինչ իրավիճակում են հայտնվել մեր ազգը, պետությունը և պետականությունը… Ուշքի եկեք, ձերքայլականներ...