Արցախի Սխտորաշեն գյուղում գտնվող Տնջրի անունով չինարի ծառը ամենահինն ու ամենաբարձր է ԱՊՀ տարածքում: Հսկայական ծառը, որի տարիքը հասնում է 2039 տարվա, խորհրդային տարիներին ստացել է «պաշտոնական հավաստաստում» առ այն, որ այն ԽՍՀՄ տարածքում հնագույնն ու ամենաբարձրն է:

Համաձայն լեգենդի՝ ծառը տնկել է Տիգրան Մեծը: Նույն ծառի 15 ճյուղ ևս գոյություն է ունեցել, որոնք նախատեսված են եղել պատմական Հայաստանի յուրաքանչյուր շրջանի համար, սակայն բոլորը, բացի Արցախի ճյուղից, չորացել են:

 

Ծառի բունն ունի 44 քմ տարածք, որի վրա հեշտությամբ կարող է կանգնել ավելի քան 100 մարդ: Հիմքի մասում բնի շրջագիծը կազմում է 27 մ, բարձրությունն ավելի քան 54 մ է, ինչը կարելի է համեմատել 18-հարկանի շենքի հետ: Հսկա ծառը ստվեր է գցում 1,400 քմ տարածքի վրա: Դրա տերևների չափը հասնում է կես մետրի: Հնագույն ծառն իր չափերով գերազանցում է Էգեյան ծովի Քոս կղզու հայտնի ծառերին:

Ծառի տակ հոսում է Տնջրու աղբյուրը, որը հարյուրամյակներ շարունակ սառնորակ ջրով է ապահովել գյուղացիներին և սնել է հսկայական չինարուն: Համաձայն պահպանված գրությունների՝ աղբյուրը կառուցել են Սխտորաշենի բնակիչներ Հովհաննես Քիսիբեկյանը, Ներսես Մուսայելյանը, Մանաս Գասպարյանը: Պատմական տվյալները վկայում են, որ 5-րդ դարում ծառի ստվերին հանգստացել են Մեսրոպ Մաշտոցը, Մովսես Խորենացին, Սայաթ-Նովան:

Տարիքից և չափերից ելնելով՝ տեղի բնակիչները ծառին հատուկ նշանակություն են տալիս: Նրանք հավատում են, որ ով այրի ծառը, կմահանա 7 օրում: Ամենայն հավանականությամբ, այս առասպելը հորինել են, որպեսզի պաշտպանեն ծառը, քանի որ այն բազմաթիվ անգամներ փորձել են այրել: Շատ մարդիկ մոմեր են վառում հենց ծառի փչակում, ինչն իրականում չի թույլատրվում, քանի որ վտագավոր է ծառի համար:

Չնայած իր գոյության ընթացքում ենթարկված բազմաթիվ փորձություններին՝ Տնջրին շարունակում է ապրել: Այն կարևոր սրբատեղի է և հայտնի վայր այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են տեսնել հայերի պատմության կենդանի վկային: Չնայած այն բանին, որ ծառն արդեն ավելի քան 2,000 տարեկան է, այն շարունակում է վեհորեն կանգնել ամուր արմատների վրա: Այն դարձել է Արցախի խորհրդանիշներից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել