Ռուսական «Ազատություն» (Эхо Кавкаа բաժին) ռադիոկայանին տված հարցազրույցում հարցին, թե ինչո՞ւ է Վրաստանում կորոնավիրուսի համաճարակը կանխվել, իսկ Հայաստանում՝ խորացել, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը պատասխանում է.

«Պատճառն այն է, որ Վրաստանում 17 տարի է, ինչ բարեփոխումներ են լինում, և այնտեղ լրիվ նոր որակի պետական համակարգ է՝ նույն ոստիկանությունում, նույն առողջապահական համակարգում։ Նրանց մոտ հեղափոխությունը եղել է 2003 թվին, իսկ մեզ մոտ հեղափոխությունը եղել է, ինչպես գիտեք, երկու տարի առաջ, և բնականաբար, այն խորքային բարեփոխումները, որոնք եղան Վրաստանում, մեզ մոտ դեռ չեն եղել»։

Եթե Զոլյանի խոսքի ենթատեքստը դուրս հանենք, ապա կլինի այսպես՝ կորոնավիրուսի համաճարակի համար նախկին իշխանություններն են մեղավոր։

Այն հարցը, որ Վրաստանի այդ 2003 թվի հեղափոխության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլին մի շարք հանցանքների մեջ է մեղադրվում և խուսափելով արդարադատությունից՝ փախել է երկրից, չքննարկենք։
Այլ հարց՝ իսկ այդ ի՞նչ խորքային բարեփոխումներ են եղել Հայաստանից 11 անգամ շատ բնակչություն ունեցող Ուզբեկստանում, ուր կորոնավիրուսային համաճարակից մահերի թիվը 19 է, ապա 6 անգամ շատ բնակչություն ունեցող Ղազախստանում, ուր մահերի թիվը 67 է, 3 անգամ շատ բնակչություն ունեցող Տաջիկստանոմ, ուր մահերի թիվը 49 է, և 3 անգամ շատ բնակչություն ունեցող Ադրբեջանում, ուր մահերի թիվը 108 է։

Խնդրեմ.

Հայաստան՝ բնակչությունը 2 միլիոն 962 հազար, կորոնավիրուսով վարակվածների թիվը՝ 14669, մահերի թիվը ընդհանուր՝ 327 (245-ը՝ կորոնավիրուսից, 82՝ վարակված և այլ պատճառով մահացած),

Ադրբեջան՝ բնակչությունը՝ 10 միլիոն, վարակվածների թիվը՝ 8882, մահերի թիվը՝ 108,

Տաջիկստան՝ բնակչությունը՝ 9 միլիոն 524 հազար, վարակավածները՝ 4834, մահերը՝ 49,

Ուզբեկստան՝ բնակչությունը՝ 33 միլիոն 440 հազար, հիվանդերի թիվը՝ 4741, մահացածների թիվը՝ 19,

Ղազախստան՝ բնակչությունը՝ 18 միլիոն 763 հազար, վարակվածների թիվը՝ 13 558, մահերի թիվը՝ 67,

և

Վրաստան՝ բնակչությունը՝ 3 միլիոն 989 հազար, վարակվածների թիվը՝ 831, մահերի թիվը՝ 13։

Հղումները՝ ստորև․

Զոլյանի հետ հարցազրույցը՝ այստեղ։

Համաճարակի տվյալները՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել