Hayeli.am-ը գրում է.
Նավասարդ Կճոյանի համար էլ խիստ անսպասելի էր, որ իր որոշումը միաձայն չանցավ։ Գտնվեցին մարդիկ, ովքեր դեմ կանգնեցին նրա որոշմանը եւ հայտարարեցին, որ այն, մեղմ ասած, անարդար է։ Ավելին, “Արարատ” միության անդամները բողոքի ցույց արեցին հենց Նավասարդ Կճոյանի քթի տակ՝ պահանջելով վերականգնել իրենց նախագահին՝ Տեր Հակոբին։
Նավասարդ Կճոյանի համար գուցե շոկային էր այս բողոքն ու ընդվզումը, որովհետեւ եթե հիշում եք, որոշումը կայացնելու հաջորդող օրերին նա նույնիսկ չբարեհաճեց մեկնաբանել իր որոշումը՝ ասելով, որ ինքը բացատրելու ցանկություն չունի եւ պատճառ էլ չունի։
Այսօր արդեն Արարատյան թեմի առաջնորդարանի ներկայացուցիչը բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին, այնուամենայնիվ, “բացատրություն” տվեց այն մասին, որ Կճոյանի որոշումը կապ չունի Գագիկ Շամշյանի հայտարարության հետ։ Իհարկե, Արարատյան թեմի առաջնորդի աշխատակիցն ինքնուրույն չէր կարող նման որոշում կայացնել՝ հարցազրույց տալ լրագրողին եւ “բացատրություն” տալ։
Ինչեւէ, Կճոյանը հեշտ հանձնվողներից չէ։ Նրան, իհարկե, քիչ է հետաքրքրում իր մասին արդեն վաղուց ձեւավորված հանրային կարծիքը։ Եվ նրա հետագա քայլերը բացարձակ միտված չեն հանրային կարծիքը հօգուտ իրեն շուռ տալուն։ Կճոյանը միայն մեկ նպատակ ունի՝ ամեն գնով վարկաբակել իր “ախոյանին”, ազդել հանրային կարծիքի վրա, որպեսզի հանրության մոտ տպավորություն ստեղծվի, որ Տեր Հակոբն էլ Կճոյանի նման մեկն է։ Եվ քանի որ Կճոյանի տեսակը խտրություն չի դնում նման հարցերում, նա, ինչպես իր ցեղակից Սուրեն Խաչատրյանը, նման դեպքերում գրպանից հանում է ծանոթ, բարեկամ, ազգակից, կին, ընկեր, նրանց դարձնում հակառակորդին վարկաբեկելու գործիք։ Եթե Սուրեն Խաչատրյանի դեպքում պատահածի վերաբերյալ հանրային կարծիք ձեւավորելու “գործիքն” իր կինն էր, ապա Կճոյանի դեպքում Տեր Շահենն էր, ով առանց իրեն էլ խնայելու ներկայացնում է տարբեր տգեղ պատմություններ՝ կապված Տեր Հակոբի հետ։
Սակայն հանրությունը լավ գիտի Կճոյանին։ Եվ եթե անգամ նա հազար Տեր Շահեններ էլ հանի իր գրպանից եւ նույնքան սեւ պատմություններ Տեր Հակոբի մասին, ապա միեւնույն է, դրանից իր կենսագրության եւ ապրածի շերտերը չեն մաքրվելու։