Armdaily.am-ը գրում է․

Կառավարության ղեկավարի որոշմամբ՝ Վիգեն Ավետիսյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից։

ArmDaily.am-ի հետ զրույցում Վիգեն Ավետիսյանը չխոսեց պատճառների մասին.«Պատճառների համար դիմեք վարչապետին և վարչապետի աշխատակազմին։ Ես ազատման դիմում չեմ գրել»։ Հարցին՝ ազատման մասին տեղեկանալիս իրեն պատճառների մասին չե՞ն հայտնել, Ավետիսյանը նշեց.«Խնդրում եմ դիմեք կառավարությանը, պարզաբանումն իրենցից ստացեք, ես չեմ ցանկանում պարզաբանել»։ 

Հարցին՝ անակնկա՞լ էր աշխատանքից հեռացնելը, թե՞ քննարկումներ եղել են այդ հարցի շուրջ, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի արդեն նախկին ղեկավարը նշեց, որ ինքը դիմում չի գրել, այդ պատճառով չի կարող ասել՝ պարզ էր իր համար, թե՝ ոչ։ 

Դիտարկմանը՝ միգուցե իրեն այլ պաշտոնում տեսնենք, Ավետիսյանն ասաց, որ ամեն բան էլ հնարավոր է.«Ես մասնագետ եմ, վարչապետը վերջին 100 փաստերի մեջ իմ աշխատանքը ներկայացրել է, ես առաջին կարգի մասնագետից սկսել եմ աշխատել, շնորհակալ եմ բոլորից, ովքեր իմ կողքին են եղել»,-եզրափակեց Վիգեն Ավետիսյանը։

Նշենք, որ Վիգեն Ավետիսյանն այս պաշտոնին նշանակվել էր մեկ տարի  առաջ՝ 2019 թվքականի մայիսի 10-ին։ Վիգեն Ավետիսյանն ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Ընդերքաբանահետախուզական ճյուղերի էկոնոմիկա ևկառավարում» բաժինը: 2002 թվականից աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարությունում՝ զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ:

2015 թվականին մասնագիտական վերապատրաստում է անցել ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտում: Զինապարտ է, ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել