Armtimes.com-ը գրում է․
Տարբեր քաղաքական ուժերի կողմից կան բարձրաձայնումներ, որ կորոնավիրուսի դեմ պայքարում ՀՀ կառավարությունը ձախողվել է: Մասնավորապես ԼՀԿ-ն նշել է, թե այդ ձախողման քաղաքական պատասխանատվության հարցը կբարձրացնի համավարակի հաղթահարումից հետո: ԲՀԿ-ն հայտարարել էր, թե կառավարության կազմը 100 տոկոսով պետք է փոխվի վարչապետի գլխավորությամբ: Արդյո՞ք կառավարությունը ձախողել է պայքարն ու ինչպե՞ս է վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսնում իրավիճակի հանգուցալուծումը:
Ճեպազրույցի ժամանակ հնչած հարցին վարչապետը պատասխանեց. նրանք, ովքեր ուզում են հիմա արձանագրումներ անել, կստանան հակաարձանագրումներ: «Կորոնավիրուսի պատմությունը դեռ չի ավարտվել, նոր-նոր սկսվում է: Երբ որ կավարտվի կորոնավիրուսի ճգնաժամը, կվերցնենք թուղթ ու գրիչը, և կտեսնենք ով ինչ է արել, ով որքան է պարտվել, ով որքան է հաղթել, և ՀՀ-ն ինչ է կորցրել, և ինչ է ստացել դրա արդյունքում»:
Ըստ վարչապետի, սակայն քան քայլեր, որոնք պետք է անել նախքան համավարակի ավարտը: Մասնավորապես, քննության պետք է առնել շատ քաղաքական ուժերի պահվածքն այս շրջանում, և պետք է հանրայնորեն գնահառտական տրվի, թե նրանց գործողությունները որքանով են նպաստել երկրում համավարակի հաղթահարմանը և հակառակը, ինչքանով են նպաստել համավարակաի տարածմանը:
«Կարծում եմ իմաստ կունենա քննարկում ծավալել հասկանալու համար, թե որոշակի քաղաքական շրջանակներ արդյո՞ք կապ ունեն, թե չունեն կեղծ լուրերի տարածման հետ:
Էլի եմ ասում ինձ համար պատերազմական տերմինաբանությունն ընդունելի չէ, բայց քանի որ հիմա շատ է օգտագործվում այդ տրամաբանությունը նույնիսկ այս իրավիճակում, նորից ուզում եմ ասել, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրներում պատերազմի ժամանակ քայքայիչ գործունեություն ծավալող անձինք և ուժերն արժանանում են համապատասխան գնահատականի:
Եվ որևէ մեկը չկասկածի, որ այն ուժերը, որոնց քայքայիչ գործունեություն ծավալելը կլինի ապացուցելի, այդ ուժերն արժանանալու են շատ կոնկրետ և համաժողովրդական գնահատականի:
Եթե էլի վերադառնանք պատերազամական հռետորաբանությանը, նույնն է, թե ասենք 1992 թվականի փետրվարին սկսվեց շարժում այն մասին, որ ՀՀ-ն ու Արցախը պարտվել են Արցախյան ազատամարտում: Հիմա նույնիսկ 1992 թվականի փետրվարը չէ, հիմա 1991 թվականի դեկտեմբերն է, և նրանք, ովքեր ուզում են հիմա արձանագրումներ անել, կստանան հակաարձանագրումներ»,-ընդգծեց Փաշինյանը: