Նման ստորացուցիչ հայտարարություն երբեք չի եղել: Երբե՛ք:
2012-2017 թթ. ղեկավարել եմ Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը (ԽՀՀ): Այդ պատվիրակության կազմում եղել է նաև գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նաև նրա մասնակցությամբ օրեր ենք լուսացրել, աշխատել, որ խորհրդարանական այդ ձևաչափով Եվրախորհրդարանի կողմից հանրայնացված որևէ բառ, որևէ նախադասություն ու որևէ միտք չլինի, որը կարող է կասկածի տակ դնել արցախյան հարցում մեր դիրքորոշումները: Իմ բոլոր գործընկերների, մեր դիվանագետների, հայկական լոբբիստական կառույցների մասնակցությամբ դա մեզ հաջողվել է: Նիկոլը դա կհաստատի: Նախկին ԱԳ նախարար, դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, Էդմոն Մարուքյանը, Վահե Էնֆիաջյանը, Աղվան Վարդանյանը, մյուսները ևս: Նույն գործը նույն հաջողությամբ արել են իմ գործընկերները՝ ինձանից առաջ` տիկին Նաիրա Զոհրաբյանը, իսկ հետո արդեն՝ պարոն Արմեն Աշոտյանը:
Ու հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը ոչ թե այդ պատվիրակության սովորական անդամ է, այլ երկրի վարչապետը` թիվ մեկ պաշտոնյան, իսկ խորհրդարանական դիվանագիտության ճակատում պատասխանատվությունը կրում են իր թիմակիցները, Եվրախորհրդարանի մեր գործընկերներն ասում են, թե «Արցախն ու հարակից շրջանները ապօրինաբար բռնազավթված են», իսկ հակամարտությունը պետք է լուծվի «Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում»: Մեկին մեկ ադրբեջանական մոտեցումների կրկնություն:
Սա աննախադեպ բան է: Աննախադեպ և՛ ասվածի բովանդակության, և՛ ասվածի ընտրված ձևաչափի առումով: Նման ստորացուցիչ հայտարարություն երբեք չի եղել: Երբե՛ք: Սա ապտակ էլ չէ, սա թուք է մեր դիվանագիտության, մեր բոլորի ճակատին։
Ես ոչ միայն մտահոգ եմ, որ արտաքին քաղաքականությունն ուղղություն առ ուղղություն ձախողում ենք, ես ոչ միայն ափսոսում եմ, որ Եվրախորհրդարանի հետ մեր աշխատանքներում որտեղից ուր ենք հասել, ես Նիկոլ Փաշինյանի փոխարեն ուղղակի ամաչում եմ: Նրա փոխարեն ուղղակի գետինն եմ մտնում` կարդալով այսօրվա հայտարարությունը, որը, ենթադրաբար, իր ցավալի շարունակությունն է ունենալու:
Հ.Գ. Նկարում՝ Հայաստան-ԵՄ ԽՀՀ-ի հայկական պատվիրակությունը՝ 2015 կամ 2016 թվականին: