(հատվածներ մեկուսարանում գրված «Իմ պայքարը» գրքից)
«Ես` ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ 00Փաշինյանս, նստած մեկուսարանում, կայքերն եմ թերթում և հեռուստաալիքները փոխում: Ամենուր գրեթե նույն մտքերն են, բոլորը միաբերան ասում են, որ ես ստախոս եմ: Ասում և դա հաստատող բազմաթիվ փաստեր հրապարակ հանում: Նույնիսկ «Ստի վերջը» սերիալ է հայտնվել, արդեն 8-րդ սերիան է ցուցադրվում TV-ով և սոցցանցերով: Գիտե՞ք, ես ուղղակի ապշած եմ այս պարզամտությունից, որովհետև քաղաքական գործիչը, առավել ևս՝ առաջնորդը, ինչպե՞ս կարող է խաբեբա կամ ստախոս չլինել: Դա նրա բնությունն է, հոգին: Ավելին` ստախոսությունն ու դեմագոգիան քաղաքականության լեզուն են: Ինձ մատնացույց արեք մի առաջնորդի, որն այս կամ այն չափով ստախոս ու դեմագոգ չի եղել: Այսինքն՝ գործիչն իրեն ձևացնում է իբրև ժողովրդի ծառա, հետո, բազմելով գահին, մտածում ժողովրդին շահագործելու մասին: Սա է դառը ճշմարտությունը: Իզուր չէ սոցիոլոգիայի հայր Գուստավ Լեբոնն ասել․ «Բոլոր իշխանություններն էլ ծնվում են ժողովրդից, բայց այդպես էլ նրա գիրկը չեն վերադառնում»: Ստացվում է, որ հարցը ընդամենը ստերի չափերի մեջ է: Ես այս հարցում ուղղակի համը հանեցի, գերազանցեցի սահմանված բոլոր թույլատրելի գծերը:
Մտաբերեք թեկուզ մի թեկնածուի, որ ընտրությունների փուլում ոսկե սարեր չի խոստացել, բայց արդյունքում ժողովուրդը սար չէ, գոնե մի բլրակ ստացե՞լ է: Շատերը համառորեն չեն ուզում հասկանալ, որ ես չէի խաբողը, այդ ամբոխն էր ընկել իմ հետևից և աղերսում էր, թե՝ մի քիչ ստեր ասա էլի, ինչ կլինի, մնացածը մենք կանենք: Ցավալի, բայց և ճիշտ է այն միտքը, որ աշխարհը կազմակերպվում է ոչ թե ճշմարտության վրա, այլ ստի, որն ամբոխն ընդունում է իբրև սոցիալապես օգտակար բան: Հո իզուր չէ՞ ասված․ «Սուտը շատ նման է մեքենայի յուղի. այն կրճատում է դետալների շփումները»: Այստեղ կա մի տխուր բան, այն է՝ «քո երեկվա սուտը վնասում է այսօրվա ճշմարտությանը…»: Ու կատարվեց այն, ինչ անխուսափելի էր, քանի որ սուտը շատ նման է ձնագնդի․ ինչքան գլորում ես, այնքան մեծանում է:
Երանի ստախոսության վրա մաքսատուրք դրված լիներ, հիմա ես սնանկացած կլինեի, դուք էլ հանգիստ կապրեիք: Հազար տարի հաստատված իրողություն է, որ երբ մարդը հաշիվ չի տալիս ինքն իրեն և դժվարին գործերում անողոքաբար ստում է, նա հետագայում ուղղակի ստիպված է մոգոնել ևս մի քանի սուտ՝ առաջինը փրկելու համար, հետո արդեն ևս մի տասնամյակի չափ նոր կեղծ խոսքեր ու գործեր են պետք՝ նախորդները փրկելու համար, և արդյունքում ստացվում է մի արատավոր շրջան: Տեսա՞ք, թե ինչ կատարվեց հայկական ավիացիայի հետ: Մյուս բաները չասենք:
Բայց վստահեցնում եմ՝ իմ ամենամեծ հանցանքը դա չէր: Ավելի ճիշտ կլինի ասել՝ ոչ այնքան ստերն էին էական, որքան դրանից առաջացած մթնոլորտը: Հատկապես մթնոլորտը, որը, բացի ստախոսությունից, պարարտացվում էր նաև իմ ագրեսիվությամբ, մերժելու անզուսպ ցանկությամբ, անդաստիարակ բառամթերքով, որովհետև այդպես էլ իմ գլուխը չմտավ այն, որ պետության առաջնորդն ու թերթի խմբագիրը միանգամայն տարբեր բաներ են: Չհասկացա, որ կառավարելը և աղմկելը նույն բաները չեն: Նույնիսկ սովետական տարիներից եկած մի անեկդոտ կա. «Կոմունիզմի գնացքը կանգ է առնում, ուզում են հասկանալ, թե ինչու: Կանչում են մասնագետներին: Սրանք նայում են գնացքի եղած-չեղածն ու ասում՝ գնացքը առաջ չի գնում, որովհետև իր ամբողջ էներգիան ծախսում է շչակի վրա, միայն աղմուկ հանելու վրա…»։ Այսքան պարզ ու ճշգրիտ:
Միքայել Մինասյանն ինձ այնքան հեշտ ու հանգիստ ծուղակը գցեց, որ ես նույնիսկ չկարողանացա որևէ հասկանալի պատասխան տալ մեղադրանքներին։ Իզուր չէ ասված, որ սուտը շատ ավելի արագ է այլասերում ստախոսին, քան նրան, ում հասցեագրված է վնաս պատճառելու համար: Ես սա հասկացել եմ լիովին և հույս ունեմ, որ կհասկանան նաև նրանք, ովքեր հիմա էլ իրենց էներգիան ավելորդ տեղը վատնում են իմ ստախոս լինելը ապացուցելու համար: Չկրկնեք նույն սխալը, հավաստիացնում եմ՝ իմ անձը և ՎԱՐՉԱՊԵՏԸ նույն բանը չեն, ինձ որպես ստախոս մարդու շատ ավելի հեշտ է վնասազերծել, վռնդել կառավարության շենքից, և դա տեսաք, թե ինչ արագ ու հեշտ արեցին, բայց դուք դեռ պիտի լավ պատկերացնեք, թե ինչպես եք վարվելու «վարչապետի» հետ: Դուք դեռ պետք է նաև գլուխ հանեք այն զզվելի մթնոլորտից, որը ես ստեղծել եմ երկրում։



