Առողջապահության ինքնագոհ նախարարը վերջապես իջավ իր գահից ու ներողություն խնդրեց մարդկանց ապակողմնորոշելու, կորոնավիրուսն անլրջացնելու ու շատ այլ գործած սխալների համար: Հավանաբար, նա, ով նախարարին խորհուրդ է տվել այս լայվն անել, գիտակցել է, որ հպարտ ու ցինիկ ձախողակն ավելի վատ է ընկալվում մարդկանց կողմից, քան զղջացող ու օգնություն խնդրող ձախողակը:
Բայց էմոցիոնալ ֆոնով հարցը չես լուծի. հատկապես որ ձախողակ նախարարն ամբողջ լայվը կառուցում է մտքի վրա, որ կորոնավիրուսը նոր երևույթ էր, ու սխալվելով ու մեթոդներ փորձելով է այս պայքարում առաջ գնացել: Ինքագոհ նախարարը հանցավոր կերպով լռում է այն մասին, որ կորոնավիրուսը Հայաստանից չի սկիզբ առել, ու մինչև մեզ հասնելը մի քանի տասնյակ երկիր արդեն վարակվել էր, մի քանի երկիր էլ վիրուսը հաղթահարել էր կամ սովորել կառավարել:
Երբ վայրկյանների ու րոպեների ճշտությամբ սկսի վերլուծվել, թե երբ ինչ կարելի էր անել, ով ինչ չի արել ու փոխարենը ինչ սխալ է արել, նախարարը դժվար թե կարողանա այս լայվը ցույց տալ ու զղջալով դուրս գալ խնդրի տակից: Սխալի հակառակ կողմում կորսված կյանքեր են, որոնք լավ լայվից չեն վերականգնվում: